ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարդիկ կան ուզում են գերանդիով ամբողջը հնձել, թացը չորի հետ` ես դրա կողմնակիցը չեմ. վարչապետ

Մարդիկ կան ուզում են գերանդիով ամբողջը հնձել, թացը չորի հետ` ես դրա կողմնակիցը չեմ. վարչապետ

Բարեփոխումները Հայաստանում պետք է ընթանան հանդարտ տեմպով, որպեսզի դրանք լինեն խորքային և արդյունավետ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով դատական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին:

«Հայաստանում շատ է խոսվում բարեփոխումների դանդաղ տեմպի մասին, բայց արդյոք արագ բարեփոխումները արդյունավետ են: Օրինակ մենք չենք ուզում բարեփոխումների սխալ ընթացքի հետևանքով ստեղծել պռոիշխանական, խամաճիկային դատարան: Մենք ուզում ենք ստեղծել իրական անկախ դատարան: Էդ դատարաններում կան նաև արդար մարդիկ, որոնց հենքի վրա պետք է կառուցվի անկախ դատական համակարգ»,- նշեց վարչապետը:

Նա նաև հավելեց. «Ես Հայաստանը վատ չեմ ճանաչել, բայց ես նոր եմ հասկանում, թե մեր իրականության մեջ որքան է արմատացած մաֆիոզ մտածելակերպը»:

Անդրադառնալով կադրային խնդիրներին նա նշեց, որ կան ազնիվ, բյուրեղյա կադրեր զրո պրոֆեսիոնալությամբ, և հակառակը` կան շատ անազնիվ պրոֆեսիոնալներ: «Մեր ուզածը նա է որ մեր երկրում տեղի ունենա խորքային բարեփոխումներ: Որ զուտ մի մարդուն չփոխարինենք մյուսով: Մեր խնդիրը նա է, որ ընտրակաշառք վերցնող և հնազանդ քվեարկող քաղաքացու մեջ արթնանա գիտակից քաղաքացին և դա տեղի ունեցավ: Մարդիկ կան ուզում են գերանդիով ամբողջը հնձել, թացը չորի հետ: Ես դրա կողմնակիցը չեմ: Միայն խորքային բարեփոխումները կբերեն երկարաժամկետ արդյունքի»,- հավաստեց վարչապետը:

  • Կիսվել: