հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան

Մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան

Ալեն Սիմոնյանն իր ելույթն ամբողջությամբ տեղավորեց Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու անհագ ցանկության մեջ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Ինչ ապաքաղաքական, ապազգային, հակապետական հայտարարություններ լսեցինք նրա հայտարարություններից, նրա ելույթներում է կարմիր գծով գնում դա: Ուժեղ Հայաստանն է եղել և կա ընդդիմության օրակարգը, ուժեղ Հայաստանին խոչընդոտողները նիկոլականներն են, նիկոլիզմն ու ադրբեջանաթուրքական և նրանց վերահսկողության տակ գործող արտաքին գործակալական ցանցը, սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք:

Սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք։ Այն ինչ Ալեն Սիմոնյանն առաջարկում էր, որպես լուծում, այդ լուծումը բխում է իրենց երազանքից՝ չունենալ այստեղ ընդդիմություն կամ ունենալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսին հիմա եթերներով կեղծ եվրոպիզմ քարոզող և Հայաստանը հերթական անգամ կառափնարան տանող ընդդիմադիրներն են, դա իրենց երազած ընդդիմությունն է, որ իրենք ուզում են ունենալ»,- նշեց պատգամավորը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր անում ընդդիմադիրներին վայր դնել մանդատները:

Ըստ նրա՝ Կառավարությունը տապալել է ոչ միայն նախընտարական խոստումներն ու իրենց, իսկ կոտրած ձեռքով գրված ու հաստատված, ծրագրային դրույթները, այլ նաև ամեն պահ մի նոր փորձություն են բերում մեր պետականության գլխին:

«Եթե այս վիճակից իշխանության պատկերացրած ելքը ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և, կոպիտ ասած, իրենք ռադ կլինեն այս բառի քաղաքական իմաստով, եւ ամբողջությամբ կմաքրվի դաշտը, մենք կգնանք այդ քայլին:

Մեր օրակարգի կյանքի կոչումը կախված է մի բանից՝ հասարակական աջակցությունն ինչ ծավալի կլինի, մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, որևէ բան չի խանգարում: Բայց եթե չկա այն հասարակական ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որին պետք է նախորդի Կառավարության նկատմամբ անվստահության հայտնումն ու հասարակության այն ընդվզումը, որը թույլ չտա այս իշխանությունը վերարտադրվել, այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք:

Եթե պետք եղավ անվստահության հանրաքվեի գաղափարն ենք առաջ տանելու: Եթե հանրային աջակցությունը չկա կամ մարդիկ թերահավատորեն են մոտենում այդ գործընթացին, ապա արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես ազգակործան ու ազգադավ իշխանությունը: Փաշինյանի համար կարմիր գիծն իր աթոռն ու շրջապատի բարեկեցությունն են»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը: 

  • Կիսվել: