Լավ է, որ ներսից է բացահայտվում ամեն բան. Արծվիկ Մինասյանը՝ Աղազարյան-Քյարամյան միջադեպի մասին
Իշխանությունները շատ են սիրում ասել, որ ընդդիմության փոխարեն մենք գործ ենք անում, թող անեն այդպիսի գործեր. Ի վերջո, դա ինքնաբացահայտման բավականին մեծ հնարավորություն է տալիս, որովհետեւ երբ մենք ենք խոսում այդ մասին, ասում են՝ դե ընդդիմությունն է, մեղադրում է մեզ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ դահլիճում Հովիկ Աղազարյան-Արգիշտի Քյարամյան բախմանը եւ հնչած հայտարարություններին՝ կապված կոմպրոմատների, կալանքը, որպես ճնշման միջոց օգտագործելուն:
«Լավ է, որ դա ներսից է բացահայտվում: Ինչ վերաբերում է միջադեպին, չէի էլ ուզենա անդրադառնա դրան, որովհետեւ տգեղ միջադեպ է: մեզ հաճախ մեղադրում են, ասում են՝ ընդդիմությունը ԱԺ դահլիճը վերածել է չգիտեմ ինչի, մինչդեռ երեկվա բացահայտումը ցույց տվեց, որ այդ ամենն իրենց մեջ է նստած:
Ես, անկեղծ ասած, Արգիշտի Քյարամյանի վարքագծում ինչ-որ հակաօրինական բան չեմ տեսել: Բայց մյուս կողմից, ուզում եմ հասկանալ, այն, որ ընդդիմության պատգամավորներին անընդհատ պատի անկյուն են կանգնեցնում, եւ ասում են՝ այ դուք պետք է հարգանք ցուցաբերեք, իսկ կա՞ր այդ պատգամավորների կողմից հարգանքի որեւէ ցուցիչ ոչ թե անձի նկատմամբ, այլ պետական ինստիտուտի նկատմամբ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում ուժայինների մասնակցությամբ լսումների ժամանակ իրավիճակը շիկացավ, բախվեցին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: Հովիկ Աղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ կալանքը կիրառվում է որպես ճնշման միջոց, նաեւ քննադատեց ՔԿ-ի եւ նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի աշխատանքը: