երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ասել ու կրկին ասում եմ` Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարություն. վարչապետ

Ասել ու կրկին ասում եմ` Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարություն. վարչապետ

 Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը հերթական դավադրությունն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար, որի իրագործումը, սակայն, չստացվեց։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:

«Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, իրականում, Լեռնային Ղարաբաղի մասին չէր։ Դա հերթական դավադրությունն էր։ Նպատակները շատ կոնկրետ էին` Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունն ու հաստատել մարիոնետային կառավարություն` ըստ էության, Հայաստանի լուծարային հանձնաժողով»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս անգամ էլ չստացվեց այդ դավադրության իրագործումը։

«Պատճառներից առաջինը հայ ժողովրդի պետական մտածողությունն է, երբ մարդիկ վստահեցին կառավարության գնահատականներին»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ Հայաստանի պետականության դեմ ուղղված հերթական սցենարի չիրագործման պատճառ է նաև այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չներքաշվեցին օտար օրակարգերի իրագործման մեջ: «Նույնը, սակայն, չենք կարող ասել ԼՂ նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչների մասին, ովքեր, կարծես, չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկներից: Ասել ու կրկին ասում եմ` Հայաստանում չի կարող լինել երկրորդ կառավարություն, Հայաստանում կա մեկ կառավարություն, որը հիմա նստած է այս դահլիճում, Հայաստանում կա մեկ Ազգային ժողով, որը նստած է այս դահլիճում»,-ընդգծեց վարչապետը:

  • Կիսվել: