ԼՂ հակամարտությունը լուծելու հնարավորություններ կային, սակայն կողմերը դրանք բաց են թողել. Զախարովա
Երևանն անտեսել է էթիկական նորմերը՝ բացահայտելով Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքային նյութերը և առավել ևս՝ պետությունների ղեկավարների միջև նամակագրությունը՝ առանց շահագրգիռ կողմերի հետ պատշաճ համակարգման։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
՛՛Սակայն, քանի որ նրանք արդեն դա արել են, մենք կարող ենք մեկնաբանել դա։ Եվ, ինձ թվում է՝ բոլոր հրապարակված փաստաթղթերը որոշ չափով խարխլում են այն թեզերը, որոնք վերջերս պաշտոնապես փորձում է առաջ մղել Երևանը՛՛,-նշել է նա:
Զախարովայի խոսքով՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հրապարակված փաստաթղթերը, որոնց ընդունման և մշակման գործում ակտիվ դեր է խաղացել Ռուսաստանը, համոզիչ կերպով հաստատում են, որ երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանը՝ որպես որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, հետևողական ջանքեր է գործադրել ղարաբաղյան հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման հասնելու համար, և նրա խոսքով, «շատ բանի է հասել»։
՛՛Մեր կարծիքով՝ հրապարակված փաստաթղթերը համոզիչ կերպով ցույց են տալիս, որ բանակցությունների տարբեր փուլերում հնարավորություններ են ստեղծվել հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման և այնտեղ ապրող ժողովուրդների, այսինքն՝ տարածաշրջանի շահերը հաշվի առնելու համար։
Դրան հասնելու համար անհրաժեշտ էր ռազմավարական տեսլական և քաղաքական կամք հակամարտող կողմերի կողմից։ Եվ միջնորդների, այս դեպքում՝ Մինսկի խմբի համանախագահների խնդիրն էր՝ օգնել Բաքվին և Երևանին՝ լուծել հակամարտությունները, այլ ոչ թե այն վերածել անվերջ վեճի։ Այո՛, այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ հնարավորություններ կային, և դրանք բաց են թողնվել։ Բայց դա մեր մեղքը չէ՛՛,-իր խոսքն ամփոփել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:


