չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը առաջացրել է Լիլիթ Մակունցի տարակուսանքը

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը առաջացրել է Լիլիթ Մակունցի տարակուսանքը

Ինձ համար՝ որպես նախկինում առաջին նախագահի քաղաքական թիմի մաս հանդիսացող մարդ, շարժման մաս հանդիսացող մարդ, որը հիմնված է եղել արժեքաբանական հենքի վրա, ինձ, իհարկե, այդ հայտարարությունը տարակուսանք է առաջացրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երկրորդ և երրորդ նախագահներին ուղղած այն առաջարկի մասին, որ երեք նահագահները պետք է միավորվեն:

«Այն շարժումը, որի մաս ենք կազմել ես և շատ այլ քաղաքացիներ և որի տրամաբանական շարունակությունը եղել է 2008 թվականը, հետո արդեն 2018 թվականը, եղել է միևնույն արժեքաբանական հիմքի վրա»,-ասաց նա:

Հարցին, թե գուցե այս իշխանության կառավարմամբ երկիրն այն վիճակի է հասել, որ առաջին նախագահը պարզապես ստիպված է եկել նման հայտարարությամբ հանդես գալ, Մակունցը պատասխանեց՝ առաջին նախագահից բոլորը սովոր են բոլորովին այլ տեքստեր լսել: Ամեն դեպքում վերջինս նշեց, որ հետևում են քաղաքական դաշտում բոլոր բովանդակային հայտարարություններին:

Դիտարկմանը, թե կա տարբերակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այս հայտարարությամբ ոչ թե ցանկանում է միանալ մյուս նախագահներին, այլ նրանց միջոցով հեռացնել Նիկոլ Փաշինյանին, և ոչ մեկը չպետք է հավակնի որևէ պաշտոնի՝ Մակունցն արձագանքեց, որ հայտարարությունից ստացել է այն տպավորությունը, որը եղել է:

Խոսելով քաղաքում արդեն նկատվող քարոզչական պաստառների մասին՝ Մակունցը նշեց, որ տարբեր մարզերում ևս կան պաստառներ և տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող, որոնք գործող օրենքներին համապատասխան են և չեն հակասում:

  • Կիսվել: