ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լավրովի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է հետագա սահմանազատման գործընթացում 1975թ. քարտեզը հիմք ընդունելու հանձնառությունը

Լավրովի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է հետագա սահմանազատման գործընթացում 1975թ. քարտեզը հիմք ընդունելու հանձնառությունը

Հուլիսի 25-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, առկա հումանիտար խնդիրները:

Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող հումանիտար ճգնաժամը և Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան: Ընդգծվել է եռակողմ հայտարարության ստորագրող կողմերի կողմից հստակ քայլերի անհրաժեշտությունը և առկա միջազգային գործիքակազմն այս ուղղությամբ օգտագործելու հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Երկու երկրների միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հետագա սահմանազատման գործընթացում առավելագույնս հստակություն ապահովելու նպատակով 1975թ. քարտեզը հիմք ընդունելու հանձնառությունը։ Տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապուղիների ապաշրջափակման համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է համապատասխան կապուղիների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո գործելուն այլընտրանքի բացակայությունը։ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը:

Վերոնշյալ հարցերում փոխհամաձայնության գալու համար նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից կառուցողական մոտեցման ցուցաբերման անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ և ՌԴ երկկողմ փոխգործակցության օրակարգի հարցերի։

  • Կիսվել: