Լաշա Դարսալիան հույս է հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունն օրինակելի կդառնա տարածաշրջանի համար
Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ 2022 թվականի հունիսի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում կազմակերպվել է ընդունելություն և համերգ՝ Հայաստանի պարի պետական անսամբլի կատարմամբ:
Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հյուրերին ուղղված ելույթներով հանդես են եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը և Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան։
Շնորհավորելով ներկաներին Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝ դեսպան Ռուբեն Սադոյանը խոսել է երկու ժողովուրդներին դարերի ընթացքում միավորող բազմաթիվ կապերի և արժեհամակարգային ընդհանրությունների մասին՝ ընդգծելով, որ այս ամուր հիմքի վրա ձևավորված Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական հարաբերությունները հետևողականորեն շարունակում են զարգանալ՝ արձանագրելով նոր դինամիկա, նոր տրամադրություն և նոր հեռանկարներ։