ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կյանքի պուրակը պետք է ընդգծի կյանքի, ոչ թե մահվան տրամաբանությունը. Նիկոլ Փաշինյան

Կյանքի պուրակը պետք է ընդգծի կյանքի, ոչ թե մահվան տրամաբանությունը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակի հիմնմանն ու դրա գաղափարին: 

«Մասշտաբային ծրագիր ենք իրականացնում, մեր նահատակների հիշատակին նվիրված այգի ենք ստեղծում Երևանի բուսաբանական այգու տարածքում: Նախագիծն անվանում ենք Կյանքի պուրակ: Մեր տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ ընտանիքներով գնան, ժամանակ անցկացնեն, երեխաները պետք է խաղան, և դա պետք է ընդգծի կյանքի, ոչ թե մահվան տրամաբանությունը:

Այս ընթացքում մի քանի անգամ մեր զոհվածների սիրելի հարազատների հետ հանդիպում եմ ունեցել:

Կարծում եմ, որ մենք բոլոր դեպքերում, երբ կա սուբվենցիոն ծրագիր, պետք է ընդգծենք այս տրամաբանությունը, որպեսզի դառնա հնարավորինս բանուկ վայր, կյանքի հաղթանակը պետք է լինի մեր նահատակների հիշատակի նկատմամբ ամենամեծ հարգանքը:

Մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանն ապրի, որ Արցախն ապրի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ նախագծման աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա աշնանից: Հիմա այդ աշխատանքներն արդեն ավարտված են:

«2 օր առաջ նախագիծը փոխանցվել է ՏԿԵ նախարարությանը: Ներկայումս փորձագիտական կարծիքին են սպասում: Նախատեսվում է, որ առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կունենանք այդ կարծիքը և կարող ենք սկսել շինարարական աշխատանքի մրցույթը»,- ասաց Հարությունյանը:

Նախագծի ընդհանուր գումարը, ըստ Հարությունյանի, կկազմի մոտ 4.2 միլիարդ դրամ:

  • Կիսվել: