Կրկին քաղաքացիական պատերազմի վտանգի մասին․ Լևոն Տեր-Պետրոսյան
lur.am կայքը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ նա անդրադառնում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև։
Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իմ մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին: Նման պատասխանատու միտք արտահայտելու հիմք են հանդիսանում Մանուկյանի ելույթում հնչեցված հետևյալ հայտարարությունները.
– «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ այս շարժումը, որ ստեղծված է, ինքը ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան լավ: Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»:
- «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»:
Սրանով Մանուկյանը նշագծում է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ` կամավոր կամ բռնությամբ: Հոշոտել և զոռով բառերը այլ բան, քան բռնություն չեն նշանակում: Եթե սրանք միայն խոսքեր լինեին, ապա դեռ շատ մտահոգվելու կարիք չէր լինի: Բայց Մանուկյանի առաջնորդած բազմամարդ երթի կողմից վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքը ոչ այլ ինչ է, քան բռնության պատրաստակամության անթաքույց ցուցադրություն:
Եթե սա լիներ հակամարտող կողմերից միայն մեկի դիրքորոշումը, այն դեռևս մեծ վտանգ չէր ներկայացնի: Մինչդեռ Մանուկյանն անզգուշորեն անտեսում է այն հանգամանքը, որ նույնպիսի դիրքորոշում է որդեգրել նաև մյուս` Փաշինյանի կողմը: Վերջինիս պահվածքը և հռետորաբանությունը ցույց են տալիս, որ նա ամենևին մտադիր չէ կամավոր հեռանալ, այլ պատրաստ է ցանկացած առճակատման: Հետևաբար, եթե երկու կողմն էլ վճռական են տրամադրված, ապա բախումն անխուսափելի է:
Մինչդեռ այսօր, ինչպես վերը նշվեց, ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը իշխանությունը զիջելու ոչ մի պատրաստակամություն չեն ցուցանում:
Թեմայից դուրս, չեմ կարող չանդրադառնալ նաև Վազգեն Մանուկյանի անզգուշորեն արտահայտած հետևյալ վտանգավոր մտքին, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի համար. «Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիային իրա լկտիությունները: Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»:
Հարց է ծագում. հապա ու՞ր մնաց երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման» օրենքը: Ստացվում է, որ մենք նորից վերադառնում ենք 1920 թվականի իրավիճակին, երբ ապավինելով Անտանտի երկրների հակաթուրքական դաշինքին և հակադրվելով քեմալական Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցմանը, կորցրեցինք ոչ միայն Արևմտահայաստանը, այլև Կարսի նահանգը, Սուրմալուի գավառը, Նախիջևանը և Ղարաբաղը: Մի՞թե Մանուկյանը չի հասկանում, որ այսօր էլ Հայաստանի կողմից պատրաստակամություն հայտնելով միանալու դեռևս չկայացած հակաթուրքական ցանկացած դաշինքի` մենք հակադրվում ենք ռուս-թուրքական արդեն իսկ կայացած լիակատար փոխըմբռնման իրողությանը, ինչը նշանակում է, որ դրանով ձեռնոց ենք նետում ոչ միայն Թուրքիային, այլև մեր բարեկամ Ռուսաստանին:
Թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա: Բայց ոչ թե ներազգային բախումների, այլ բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչը պատիվ կբերի հակամարտող երկու կողմերին էլ: Ուստի կոչ եմ անում մեր ժողովրդին` մասնակիցը չդառնալ թե՛ գործող իշխանության, և թե՛ ընդդիմության հրահրած զանգվածային գրգռություններին, որոնք, բացի քաղաքացիական պատերազմի սպառնալիքից, չափազանց վտանգավոր են նաև կորոնավիրուսի տարածման անկառավարելի դառնալու նկատառումով: Անհուսալիորեն սպասում եմ նաև, որ մեր մտավորականությունը գոնե մեկ անգամ հանդես կգա իր սթափեցնող խոսքով: