շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կորոնավիրուսով վարակված 429 պացիենտ գտնվում է ծանր, 96-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. նախարար

Կորոնավիրուսով վարակված 429 պացիենտ գտնվում է ծանր, 96-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. նախարար

«Ես կարծում եմ՝ այս ընթացքում մեր կառավարությունը, մասնավորապես, առողջապահության նախարարությունն արել է ժամանակին համահունչ բոլոր քայլերը, որպեսզի զսպի հիվանդացության տարածումը: Իհարկե, գիտեք՝ կորոնավիրուսը նոր վարակ էր, դրա դեմ պայքարելու, բուժման հետ կապված հընթացս շտկումներ են արվել, և մենք էլ ժամանակին բոլոր նորությունները հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը վարել ենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա հիշեցրեց, որ այս պահին բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 901 պացիենտ: «429 պացիենտ գտնվում է ծանր, 96-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, 30-ն էլ միացված են թոքերի օդափոխության սարքերին»,- շեշտեց նախարարը:

Ավանեսյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պատվաստումներին, նշելով, որ բուժաշխատողները պատվաստվում են: Ըստ նախարարի՝ այժմ աշխատանքներ են տարվում՝ պատվաստանյութի նոր խմբաքանակ ստանալու համար: Նախարարը նաև կարևորեց հակահամաճարակային կանոնների պահպանումը, շեշտելով, որ դրանց խախտումն առաջացնում է պատասխանատվություն:

  • Կիսվել: