ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոմունալ վարձավճարների ծրագրերով օգնություն է ստացել 486,434 ընտանիք. Փաշինյան

Կոմունալ վարձավճարների ծրագրերով օգնություն է ստացել 486,434 ընտանիք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսում հայտարարեց, որ Կառավարության հակաճգնաժամային 11-րդ, 12-րդ, 16-րդ միջոցառումներով օգնություն է ստացել 486.434 ընտանիք, բաշխվել՝ 4.7 միլիարդ դրամ:

Ծրագրերով կոմունալ ծառայությունների վարձավճարների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել այն բնակիչ բաժանորդները, որոնց բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40.000 դրամ, էլեկտրական էներգիայի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել մինչև 25.000 դրամ,  խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3.000 դրամ:

Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ էլ նպաստառու ընտանիքները ստացել են ամսական նպաստի 50 տոկոսի չափով լրացուցիչ աջակցություն: Ծրագրից օգտվել է 84.810 ընտանիք, բաշխվել՝ 1.2 միլիարդ դրամ։

Վարչապետն ասաց, որ այս  ծրագրով մի մասը կանխիկ էր վճարվել, մյուս մասն էլ՝ կոմունալ վճար էր փոխանցվել:

Հակաճգնաժամային 14-րդ միջոցառմամբ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող 3508 ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը բարձր է 90-ից, ստացել են 2020 թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում՝ ավարտական կուրսի ուսանողները 100 տոկոսի չափով, մյուս կուրսերի ուսանողները՝ 75 տոկոսի չափով: Պակաս ՄՈԳ ունեցող ուսանողները հնարավորություն են ձեռք բերել օգտվել 0-4 տոկոս տոկոսադրույքով վարկերից, որոնց մայր գումարի մարումը կսկսվի բուհն ավարտելուց հետո: Ծրագրի բյուջեն կազմել է 1 միլիարդ դրամ:

«Այս ծրագրի մասով ասվում էր, թե ինչու ենք մենք օգնում միայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։ Մենք օգնում ենք բացառապես բոլոր ուսանողներին։ Պարզապես բարձր առաջադիմություն ունեցողներին օգնում ենք ավելի շատ, որովհետև նրանք աշխատել են ավելի շատ, իսկ ցածր առաջադիմություն ունեցողներին՝ ավելի քիչ։ Մենք բանկային համակարգի հետ ունենք համաձայնություն, և ուսանողական վարկերի տրամադրման ընթացակարգերը կպարզեցվեն ու կհեշտացվեն»,- ասաց վարչապետը։

Բնապահպանական բաղադրիչով հակաճգնաժամային 15-րդ միջոցառման մասին խոսելիս նշեց, որ կիրականացվի Հայաստանի բարձրադիր գոտիների գետերի ափապաշտպան շերտերի ծառատունկ, որի շրջանակներում կստեղծվի շուրջ 1000 աշխատատեղ, որտեղ կարելի է վաստակել օրական մինչև 10 հազար դրամ: 

Վարչապետը նշեց, որ ծառատունկը կմեկնարկի մայիսի 18-ից։

 

  • Կիսվել: