կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կիրականացվի սիգի և խեցգետնի փորձարարական որսի երկրորդ փուլը՝ խստացված կանոններով. ՇՄ նախարար

Կիրականացվի սիգի և խեցգետնի փորձարարական որսի երկրորդ փուլը՝ խստացված կանոններով. ՇՄ նախարար

Կառավարության այսօրվա նիստին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց Կառավարության 2019 և 2020 թթ. որոշումներում փոփոխություն կատարելու մասին հարցը՝ նշելով, որ նախագծի մշակման հիմք է հանդիսանում «Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահ­պանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշումը։

«Կարևորելով Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և տարածքի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ 2020 թ. մեկնարկեց «Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան որս» փորձարարական ծրագիրը: 2020-ին ձկնորսների և ՇՄՆ-ի միջև կնքվել է 255 պայմանագիր՝ շուրջ 236 տոննա սիգի որս իրականացնելու համար: Նշված ժամանակահատվածում որսվել է շուրջ 204 տոննա սիգ: «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից վարվել են հաշվառման մատյաններ յուրաքանչյուր օրվա իրականացված որսի տվյալների վերաբերյալ:
 
 

Վերլուծելով այդ փորձարարական որսի ընթացքը, կարևորելով դրա ընթացքը՝ ՇՄՆ-ը նախատեսում է իրականացնել փորձարարական որսի երկրորդ փուլը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դրա համար հիմք են հանդիսացել 2020 թ. Սևանա լճում իրականացված կենսապաշարի հաշվառված տվյալները և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ իրականացված քննարկումների արդյունքները:

Միջոցառման ապահովման նպատակով կազմվել է ծրագրի հավելված, որով սահմանվել են Սևանա լճում ձկան արդյունագործական որսի 2021 թվականի տարեկան առավելագույն չափաքանակները և արդյունագործական որսի որակի բնութագրերը։ Նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այդ միջոցառման կատարման պահանջով, ինչը նաև «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջն է։ Թույլատրված ռեսուրսի օգտագործման  նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելու նպատակով ամրագրվել են պարտադիր պահանջներ և պայմաններ։

Համաձայն 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմում է 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը 586.2 տոննա է, որից 2021 թվականի օգտագործման համար սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ»,- նշեց նախարարը՝ ընդգծելով՝ ձկնորսությանը հետևելու են խստորեն՝ ըստ սահմանված բոլոր կանոնների:

Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը, ինչպես նաև ձկնորսության գործընթացները իրավական դաշտ բերելուն և լիազոր մարմնի հետ կնքած օգտագործման պայմանագրերի հիման վրա ձկնորսության գործընթաց իրականացնելուն՝ նշեց Պետրոսյանը։

  • Կիսվել: