կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետ Ծովինար Կոստանյան

Խորհրդարանի աշխատանքը չի կարելի համարել համահունչ «նոր Հայաստանի» ոգուն. փորձագետ Ծովինար Կոստանյան

Ցավոք, մենք դեռ չենք նկատում հեղափոխական փոփոխություններ ՀՀ քաղաքացիների կյանքում, որոնք արդարացիորեն սպասվում էին նրանց կողմից: Ամփոփելով խորհրդարանի գործունեության առաջին տարվա արդյունքները, այս մասին ասուլիսում ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

Ըստ նրա, խորհրդարանական մեծամասնության մասին խոսելիս կարելի է երկու հիմնական բնութագիր առանձնացնել:

«Նախ, ակնհայտ է, որ «Իմ քայլը» խմբակցությունը բավականին մասնատված պատգամավորների խումբ է իրենից ներկայացնում՝ այստեղ առկա են քաղաքական տարբեր հայացքներ և մոտեցումներ: Մասնավորապես, դրա օրինակներից մեկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն է, երբ դրա ընտրված անդամներից մեկը, ով հենց «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն էր, նույնիսկ խորհրդարանական մեծամասնության համար անսպասելի հրաժարական տվեց միայն այն պատճառով, որ հանձնաժողովի նախագահ ընտրվեց ոչ թե ինքը, այլ «Լուսավոր Հայաստանի» առաջադրած թեկնածուն: Այս տարվա ընթացքում մենք ականատեսն ենք եղել այլ ոչ հասկանալի ու անհամաչափ գործողությունների պոռթկումների ևս»,- նշեց նա:

Երկրորդ բնութագիրը, որ ներկայացվեց Ղուկասյանի կողմից այն է, որ նոր խորհրդարանի գործունեության հենց սկզբից պարզ դարձավ, որ Հայաստանում շարունակում է գործել որոշումների կայացման կենտրոնացված «գերհամակարգը», երբ կարևոր որոշումները կայացվում են գործադիրի կողմից, իսկ ԱԺ-ն հիմնականում հնազանդորեն հաստատում է այդ նախագծերը: Խնդիր է նաև այն, որ խորհրդարանը չունի խորհրդարանական վերահսկողության գործիքներ, ներառյալ վարչապետին ենթակա ուժային կառույցների գործունեության մասով:

«Թվում է, թե խորհրդարանական մեծամասնությունը փորձեց որոշակիորեն անկախություն ցուցաբերել Ամուլսարի հարցում՝ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ գործադիր իշխանության դեմ հանդես եկող հայտարարություններ արեցին՝ աջակցելով բնապահպանների բողոքներին: յնուամենայնիվ, դրանից հետո ոչինչ չփոխվեց: Թեև խորհրդարանական մեծամասնության մասնատումը, հնարավոր է, ավելի դրական կլիներ խորհրդարանական ժողովրդավարության զարգացման համար», - նշեց նա:

Ղուկասյանը նաև հիշեցրեց, որ անցած ժամանակահատվածում Ազգային ժողովն ընդունել է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք արժանացել են հանրության ոչ միանշանակ արձագանքին: Օրինակ, խորհրդարանը հավանություն տվեց կառավարության նոր կառուցվածքին, որը բերեց նախարարությունների թվի կրճատման, այդ թվում այնպիսի կարևորագույնների, ինչպիսիք են Գյուղնախարարությունը և Մշակույթի նախարարությունը: Իսկ որոշ գերատեսչություններ վերածե սուպերնախարարությունների բավականին քննադատվեց փորաձգետների և ընդդիմության կողմից:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ, «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանն էլ հիշեցրեց կոռուպցիայի դեմ պայքարը:

Ինչ վերաբերում է խորհրդարանի ներսում տիրող մթնոլորտին, փորձագետը նշեց, որ գործնականում ոչինչ չի փոխվել. խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների միջև հարաբերությունները դժվար թե կարելի է կառուցողական անվանել: Կառուցողական երկխոսության փոխարեն մենք տեսնում ենք անընդհատ բախումներ, հույզերն ու խռովկանությունը գերակշռում են և նվազագույն մակարդակի են առարկայական քննարկումները: Աստիճանաբար դառնում է պրակտիկա, որ ընդդիմադիր խմբակցությունը ստիպված է լքել նիստերի դահլիճը՝ անհարգալից վերաբերմունքի պատճառով:

«Այսպիսով, խորհրդարանի աշխատանքը չի կարելի անվանել արդյունավետ, այն դեռևս չի համապատասխանում թավշյա հեղափոխությունից հետո «նոր Հայաստանի» ոգուն: Քաղաքացիների հիմնական սպասումը նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակի զգալի բարելավումն էր: Թվում էր, թե խորհրդարանական մեծամասնությունը մի շարք քայլեր ձեռնարկեց այս ուղղությամբ՝ ընդունելով օրենքներ հարկերի կրճատման, սոցիալական վճարումների փոքր բարձրացման մասով», - հավելեց Ծովինար Կոստանյանը:

  • Կիսվել: