ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Խղճահարության վրա օրինականություն չի կարելի կառուցել․ Փաշինյան

Խղճահարության վրա օրինականություն չի կարելի կառուցել․ Փաշինյան

Խղճահարության վրա օրինականություն չի կարելի կառուցել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած իրադարձություններին։

«Չնայած քննարկում ենք 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, բայց հայտնի հանգամանքների բերումով՝ նախ պիտի անդրադառնամ երեկ տեղի ունեցած իրադարձություններին և արձանագրեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա: Ոստիկանության հակազդեցությունն եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ: Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որպեսզի հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա:

Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը, ընդ որում՝ եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը հարձակումից որոշ ժամանակ առաջ՝ դիմելով ոստիկաններին, ասել է, թե տղաներ, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում: Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ, ցավոք, Հայ առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական նկարագրի մասին: Տուժել է 18 ոստիկան, 83 քաղաքացի: Բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության: Այս պահին հոսպիտալացված է 16 անձ, այսինքն՝ մնացածը, բուժօգնություն ստանալով, գնացել են տուն:

Բոլորի վիճակը գնահատվում է բավարար: Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս և փորձում էին համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել, մինչդեռ՝ ակնհայտ էր, որ նման բան չկա, քաղաքացին վիրահատվել է, և նրա ձեռքերի մատներից երեքը հեռացվել են, ինչի համար ցավում եմ: Բայց նաև տեսանյութերից ակնհայտ դարձավ, որ քաղաքացին ինքը գետնից վերցրել է ոստիկանների նետած հատուկ միջոցը, որը կյանքի համար անվտանգ է և որը պայթել է նրա ձեռքի մեջ, այսինքն, եթե վերցնելու այդ ակտը տեղի չունենար, նման բան տեղի չէր ունենա:

Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Երեկ էլ եմ ասել, այսօր էլ եմ ուզում ասել, որ խղճահարության վրա օրինականություն չի կարելի կառուցել, խղճահարության վրա իրավակարգ չի կարելի կառուցել, պետություն չի կարելի կառուցել: Ես՝ որպես քրեակատարողական չորս հիմնարկներում մեկ տարի տասնմեկ ամիս անցկացրած մարդ, ասեմ, որ այնտեղ գտնվող բոլոր մարդկանց հետ կապված կան շատ պատմություններ՝ անձնական պատմություններ, անձնական ողբերգությունների պատմություններ, որոնք կարող են խղճմտանք առաջացնել և որոնց վրա կարելի է նույնիսկ լացել: Բայց մենք պետք է ընտրություն կատարենք՝ մենք ուզում ենք լացել, թե մենք ուզում ենք պետություն կառուցել:

Չի կարելի երկուսը համատեղել իրար հետ: Ցավոք, մենք շատ հաճախ այս, այն, երրորդ, չորրորդ առիթներով այս ընտրությունը միշտ կատարում ենք հօգուտ լացելու, որովհետև ամեն դեպքի տակ կա մի պատմություն, որը մեծ հաշվով, այո, կարող է լացացնել: Բայց, նորից եմ ասում, մեր ընտրությունը պարզ է՝ մենք ուզում ենք լացել, թե մենք ուզում ենք պետություն կառուցել»,-ասել է նա:

:

  • Կիսվել: