հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Խաղաղության պայմանագրի համար անհրաժեշտ է խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո. ՀՀ ԱԳՆ

Խաղաղության պայմանագրի համար անհրաժեշտ է խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին խաղաղության պայմանագիր առաջարկվելու մասին հայտարարությանը:

«Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած՝ Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները և ինքնին՝ ցուցադրության կազմակերպումը՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով և զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորումներով: Այս ամենը, ինչպես նաև ռազմագերիների հարցի շահարկումը Ադրբեջանի կողմից, գալիս է ապացուցելու, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից»,-ընդգծեց ԱԳՆ խոսնակը։

 

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. մի կողմից՝ սեփական լսարանին հրամցնում են հակամարտության լուծված լինելու թեզը, մյուս կողմից՝ միջազգային լսարանի համար կազմակերպված միջոցառմանը խոսում խաղաղության համաձայնագրի ստորագրման և ԼՂ հակամարտության որոշ հարցերի լուծված չլինելու մասին: «Պարզապես մեկ պարզ դիտարկում անենք այս առնչությամբ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո»,-նշեց Նաղդալյանը՝ հավելելով, որ Ալիևի ակնարկած խաղաղության պայմանագրի համատեքստում և ընդհանրապես առաջիկայում որևէ հանդիպում նախատեսված չէ:

Ինչ վերաբերում է Ալիևի՝ Զանգեզուրի, Սևանի և Երևանի նկատմամբ նկրտումներն արտահայտող հայտարարություններին, ՀՀ ԱԳՆ խոսնակը զավեշտալի համարեց, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով: «Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, սակայն հարկ ենք համարում վերստին ընդգծել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ:

Նմանօրինակ սադրիչ հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,-նշեց Աննա Նաղդալյանը:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային մասնագիտացված կառույցների գործուն աջակցությունը՝  ապահովելու ադրբեջանական կողմում պատանդառության մեջ պահվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և անվտանգ վերադարձը: Ապրիլի 13-ին եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում հատուկ նշվել է վերոնշյալ հարցը:

 

«Ինչպես գիտեք այս հարցում իրենց դիրքորոշումն են արտահայտել միջազգային մեր բազմաթիվ գործընկերներ առ այն, որ ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն»,-ասա ՀՀ ԱԳՆ խոսնակը:

ԱԳՆ-ն տարբեր մակարդակներով արդեն բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը. համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների և հրադադարի մասին եռակողմ հայտարարության՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք պետք է Ադրբեջանի կողմից հայրենադարձվեն՝ առանց որևէ նախապայմանի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի հիման վրա:

  • Կիսվել: