շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խաղաղության համաձայնագրի համապարփակ առաջարկները Մոսկվան փոխանցել է Երևանին ու Բաքվին. Զախարովա

Խաղաղության համաձայնագրի համապարփակ առաջարկները Մոսկվան փոխանցել է Երևանին ու Բաքվին. Զախարովա

Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր համապարփակ առաջարկները փոխանցել ենք Երևանին ու Բաքվին: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը տարածաշրջան այցեր է կատարել՝ այս հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- նշել է դիվանագետը:

Զախարովայի խոսքով՝ նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել կամ նվազեցնել Ռուսաստանի դերն այս գործընթացում, ցանկալին իրականության տեղ են ներկայացնում. Ռուսաստանը գործնական աշխատանք է տանում՝ հստակ արդյունքներ արձանագրելու համար:

«Մենք չենք զբաղվում գովազդով, որի մեջ բովանդակություն չկա: Մենք պատմում ենք արդյունքների մասին»,- նշել է Զախարովան, հավելել՝ հաշվի առնելով թեմայի զգայունությունը՝ Մոսկվան հանրային կերպով չի մեկնաբանում բանակցույթունների մանրամասները:

  • Կիսվել: