երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խաղաղության դարաշրջա՞ն. Բաքուն բազմաթիվ հայտեր կներկայացնի միջազգային ատյաններ ընդդեմ ՀՀ-ի

Խաղաղության դարաշրջա՞ն. Բաքուն բազմաթիվ հայտեր կներկայացնի միջազգային ատյաններ ընդդեմ ՀՀ-ի

Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը գրում է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ:

"2022-ին Ադրբեջանը պատրաստվում է բազմաթիվ հայտեր ներկայացնել միջազգային ատյաններ ընդդեմ Հայաստանի: Դրա մասին արդեն պաշտոնապես հայտարարել է Ապշերոնի սուլթանատի ԱԳՆ-ն՝ փոխնախարարի մակարդակով: Ընդ որում, խոսքը վերաբերում է միլիարդավոր դոլարների հասնող բնապահպանական ու տնտեսական վնասների վնասին, որոնք իբրև հասցվել են Ադրբեջանին հայերի կողմից:

Մասնավորապես, թիրախում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործման արդյունքում Ողջի գետի աղտոտումը քիմիական թափոններով: Նշվում է, որ հենց այդ գետն է ապահովում Ադրբեջանի խմելու ջրի շուրջ 30%-ը:

Դրա հետ մեկտեղ խոսվում է նաև հայկական կամ Հայաստանի կողմից ներգրավված կապիտալով 5 հանքավայրերի շահագործման արդյունքում Ադրբեջանին հասցված վնասի մասին: Առանձնացվում են Vallex Group, First Dynasty Mines, Base Metals, Lydian International, GeoProMing, Vedanta Group ընկերությունների անունները:

Հատուկ ուշադրություն է դարձվում նաև Franck Muller ժամագործական ընկերության սեփականատեր Վարդան Սիրմակեսին, որը ՛՛օկուպացված տարածքներում՛՛ արդյունահանել է 302 մլն դոլարի ոսկի: Առանձնացված են նաև նույն տարածքներում ծառահատման խնդիրները՝ որակվելով որպես ՛՛բնապահպանական ահաբեկչություն՛՛:

Առանձին ուշադրություն է դարձվում էներգետիկ ենթակառուցվածքների ու ռեսուրսների օգտագործմանը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հայտերը վերաբերելու են 20 ենթակայանների, 16400 կմ էլեկտրահաղորդման գծերի, 2000 կմ գազամուղերի ՛՛ոչնչացմանն ու թալանմանը՛՛: Այս ամենին Բաքուն գումարում է նաև ՛՛հայկական օկուպացիայի հետևանքով՛՛ Խուդաֆերինի ու Ղըզ Ղալասի հիդրոօբյեկտների կառուցման ձախողումը:

Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա, բնականաբար, ազերիները կրկին փորձում են օրակարգ բերել Սարսանգի ջրամբարի օգտագործման հարցը: Միաժամանակ պնդում են, որ զրկվել են Շուշիի (412 խմ) ու Քելբաջարի (3093 խմ) երկրաջերմային պաշարների օգտագործման հնարավորությունից: Չեն մոռացել նաև Արցախից Երևանի ՋԷԿ-ի համար ածխի ներկրման փորձերի մասին:

Սա է ՛՛խաղաղության դարաշրջանի՛՛ իրական պատկերը: Հիբրիդային պատերազմը շարունակվում է",- գրել է Դավթյանը ֆեյսբուքում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: