կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Խաղաղապահ զորքերն արդեն տեղափոխվում են Ղազախստան․ ՀԱՊԿ քարտուղարություն

Խաղաղապահ զորքերն արդեն տեղափոխվում են Ղազախստան․ ՀԱՊԿ քարտուղարություն

Հավաքական անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորքերն արդեն տեղափոխվում են Ղազախստան՝ օգնելու տեղի անվտանգության մարմիններին երկրում կայունություն հաստատել։ Այս մասին հայտնում են ՀԱՊԿ քարտուղարություն։

Նրանց կազմում են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները:

ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրները կլինեն պետական եւ ռազմական կարեւոր օբյեկտների պահպանությունը, իրադրության կայունացման գործում Ղազախստանի Հանրապետության իրավակարգի ուժերին աջակցության ցուցաբերումը եւ այն իրավական դաշտ վերադարձնելը:

Հիշեցնենք, որ հունվարի 2-ից Ղազախստանում մեկնարկած բողոքի սոցիալական ցույցերը երեկ երեկոյան տարածվել էին ողջ Ղազախստանով՝ ստանալով քաղաքական երանգ ու վերաճելով իրավապահների հետ բախումների: Ցուցարարները գրավել են մի շարք վարչական շենքեր, ինչպես նաև Ալմաթիի միջազգային օդանավակայանը:

Տեղի լրատվամիջոցները նաև հայտնել են, որ արտակարգ դրություն է սահմանվել ամբողջ երկրի տարածքում, իսկ Ալմաթիում ցուցարարները գրավել են նաև Ազգային անվտանգության կոմիտեի շենքը:

 Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին՝ խնդրելով աջակցել Ղազախստանին «ահաբեկչական սպառնալիքի» հաղթահարման հարցում: 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերին հայտնել է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով

  • Կիսվել: