երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կենտրոնական բանկի աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել դրամի արժեքը․ Փաշինյան

Կենտրոնական բանկի աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել դրամի արժեքը․ Փաշինյան

Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքը, համավարակով պայմանավորված՝ տնտեսական իրավիճակը և ձեռնարկված միջոցառումները:

Նա հայտնեց, որ մայիսի սկզբից սկսվեցին սահմանափակումների մեղմացումները, իսկ մայիսի 18-ից դրանք գրեթե հանվեցին, թույլատրվեց տնտեսական գրեթե բոլոր ոլորտների գործունեությունը, և սահմանափակումներ մնացել են միայն կրթության, մշակույթի և որոշ այլ ոլորտներում:

Նա նշեց, որ այս փուլում ամբողջովին հանված է կարանտինը, ինչը բերեց կորոնավիրուսի դեպքերի ավելացման, բայց սահմանվել են խիստ կանոններ՝ սոցիալ-տնտեսական, առողջապահական անվտանգությունը պահպանելու համար, որոնց արդյունավետությունը կախված է բոլորի պատասխանատվությունից:

Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը մի շարք աջակցության միջոցառումներ է նախաձեռնել՝ մեղմացնելու կորոնավիրուսի հետևանքներն ու հնարավոր տնտեսական ճգնաժամը:

Նրա խոսքով՝ նաև Կենտրոնական բանկի աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել դրամի արժեքը:

Վարչապետը նշեց, որ գլոբալ տնտեսական մարտահրավերների դիմաց բոլորն են կանգնած, նա կարևորեց նաև ՀՀ-ում գազի սակագնի վերաբերյալ քննարկումները:

Վարչապետն ընդգծեց, որ զուգահեռաբար կառավարությունն ընդունել է միջոցառումների փաթեթ` կարանտինի սոցիալ-տնտեսական հետևանքները և աճող տնտեսական ճգնաժամը մեղմելու համար:

Նրա խոսքով՝ այս միջոցառումները, բացի սոցիալական նշանակությունից, ուղղված էին նաև տնտեսության՝ «շաթդաունի» վիճակից շուտափույթ դուրս գալուն և հետճգնաժամային ժամանակահատվածում դրա զարգացման համար պայմանների ստեղծմանը:

«Մեզ հաջողվեց նաև կազմակերպել արդյունավետ վերահսկողություն մանրածախ ոլորտում, կանխել ապրանքների հնարավոր դեֆիցիտը և թույլ չտալ սպառողական գների զգալի աճ: Կենտրոնական բանկի օպերատիվ միջամտության շնորհիվ կանխվել են ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումները և ապահովվել է դրա կայունությունը: Սիրելի ընկերներ, Ես բազմիցս նշել եմ, որ համաճարակի և աճող ռեցեսիայի պայմաններում մենք առանձնահատուկ կարևորում ենք մեր համագործակցության զարգացումը: Ավելի քան վստահ եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր Միությունը և կատարելագործենք ինտեգրման հիմնարար ինստիտուտները: Մենք պետք է ապացուցենք դրանց կենսունակությունը ճգնաժամի պայմաններում և պատրաստ լինենք համատեղ օգտագործել բոլոր տնտեսական հնարավորությունները, որոնք ակնհայտորեն կհայտնվեն հետճգնաժամային ժամանակահատվածում»,- ընդգծեց Փաշինյանը։

  • Կիսվել: