շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները

Կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։

Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։

Հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝

  •  ընտանեկան նպաստ,
  •  սոցիալական նպաստ,
  •  ծերության նպաստ,
  •  հաշմանդամության նպաստ,
  •  կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
  •  մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,
  •  երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն,
  •  պատվովճար,
  •  պարգևավճար։

Վերոնշյալ վճարները անկանխիկ եղանակով ստանալու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը:

 Սոցիալական և ընտանեկան նպաստն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով նպաստառու ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, ընդ որում՝ հաշիվը բացվելու է դիմողի անունով»:

  • Կիսվել: