ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կենսաբանության նվաճումները տեխնոլոգիական նոր լուծումների աղբյուր են․ ԿԳՄՍ նախարար

Կենսաբանության նվաճումները տեխնոլոգիական նոր լուծումների աղբյուր են․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ելույթ է ունեցել կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Վահրամ Դումանյանը մասնավորապես նշել է․

«Ուրախ եմ տեսնել այս դահլիճում աշխարհի 60-ից ավելի երկրների սովորողների, որոնք կենսաբանության դպրոցական ամենահեղինակավոր միջոցառման՝ միջազգային օլիմպիադայի մասնակիցներն են:

Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի օրերին մեր մոլորակի ապագան վճռում էին գիտնականներն ու բժիշկները, և ես վստահ եմ, որ դուք ձեր կարևոր խոսքն եք ունենալու գիտության և բժշկության զարգացման գործում։ Գիտական նորարարությունների խթանումը, երիտասարդ գիտնականների զարգացումն ու խրախուսումը Հայաստանի Հանրապետության Կառավարության կարևորագույն առաջնահերթություններից են, որովհետև մենք վստահ ենք, որ առանց որակյալ կրթության և գիտության զարգացման անհնար է ապահովել հասարակության բարեկեցիկ առաջընթացը։

Առաջավոր գիտությունը պետք է լինի աշխարհի բոլոր երկրների այցեքարտերից մեկը միջազգային հարաբերություններում և գլոբալ արժեքային շղթաներում, ըստ այդմ՝ հանդիսանա արտաքին հարաբերությունների կարևորագույն բաղադրիչ: Այս համատեքստում կարևոր եմ համարում նշել, որ մենք շարունակական քաղաքականություն ենք վարում Հայաստանը գիտակրթական մտքի հարթակ, գաղափարների և նորարարությունների գեներացման միջավայր դարձնելու ուղղությամբ և այս տարվա սեպտեմբերին պատրաստվում ենք հյուրընկալել գիտության և արվեստի միջազգային STARMUS VI փառատոնը։ Փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների։

Նախատեսվում է կազմակերպել գիտության ճամբար, որտեղ ամենահասանելի ձևաչափերով, մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները: Եվ ես ցանկանում եմ, որ դուք օգտագործեք այդ առիթը՝ ևս մեկ անգամ Հայաստան այցելելու և գիտության ու արվեստի այդ տոնին հաղորդակից դառնալու համար։ Անառարկելի է նաև, որ 21-րդ դարում խիստ կարևորվում են կենսաբանության նվաճումները, որոնք նոր զարգացումների, տեխնոլոգիական նոր լուծումների աղբյուր են: Դուք եք Երկիր մոլորակի ապագա տերերը, և ձեզանից է կախված մարդկության ապագան:

Որպես երիտասարդ կենսաբաններ, որպես կյանքի մասին գիտությանը սիրահարված մարդիկ՝ պահե՛ք, պահպանե՛ք մեր մոլորակը, խնամե՛ք ու զարգացրե՛ք՝ ի շահ մարդկության: Մաղթում եմ ձեզ ազնիվ և արգասաբեր մրցակցություն: Հուսով եմ, որ դուք անմոռանալի տպավորություններ կստանաք մեր երկրում, կվայելեք հայկական ջերմ հյուրընկալությունը: Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի սիրելի՛ մասնակիցներ, բարի՛ գալուստ Հայաստան և բարին ընդ ձեզ»:

Նշենք, որ հուլիսի 10-18-ը Հայաստանում անցկացվում է կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան:

Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային մասնակցում են 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:

  • Կիսվել: