ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կեղծ լուրերի դեմ պայքարի և Արցախում ընտրական գործընթացի կարգավորման առանձնահատկությունների թեմայով դասընթացներ` Ստեփանակերտում

Կեղծ լուրերի դեմ պայքարի և Արցախում ընտրական գործընթացի կարգավորման առանձնահատկությունների թեմայով դասընթացներ` Ստեփանակերտում

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության կողմից Ստեփանակերտում այսօր կազմակերպվել են «Կեղծ լուրերի դեմ պայքարը՝ որպես տեղեկատվական անվտանգության երաշխիք» և «Ընտրական գործընթացի կարգավորման առանձնահատկություններն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ» թեմաներով դասընթացներ, որը վարել է ՀԿ համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ համահիմնադիր Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ նմանատիպ դասընթացներ կազմակերպության կողմից անց են կացվել Երևանում և անհրաժեշտություն է առաջացել կազմակերպել նաև Արցախում:

«Ուրախ եմ, որ Արցախում շատ մարդիկ արձագանքեցին: Դասընթացի հիմնական նպատակը մեդիագրագիտության վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելն է մարդկանց առ այն, որ կարդացած ամեն տեղեկատվություն չէ, որ իրականության հետ կարող է աղերս ունենալ: Մարդիկ պետք է իմանան՝ ինչպես գրագետ օգտվել մեդիայից: Մեդիան հզոր գործիք է, սակայն գրագիտությունը մեդիայի հարցում չափազանց կարևոր է: Արցախում ընտրել ենք երկու հիմնական թեմաներ:

Առաջինը վերաբերում է կեղծ լուրերի դեմ պայքարին: Պետք է ընդունել, որ սա համաշխարհային մակարդակի մարտահրավեր է, որին այսօր բախվում են աշխարհի շատ պետություններ: Բնականաբար, Արցախը, որպես կիսապետարազմական իրավիճակում գտնվող պետություն, չի կարող չբախվել այս խնդիրներին, երբ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվում են կեղծ լուրեր, որոնք կարող են դառնալ մարդկանց խուճապի և տագնապի հիմք: Խիստ անհրաժեշտ է լինել պատրաստված, պատկերացնել, թե ինչպես պետք է դրա դեմ պայքարել»,- նշել է Ա. Հովհաննիսյանը:
 
Նրա խոսքով՝ որպես այդպիսին՝ Արցախում կեղծ լուրերը հատկապես առնչվում են Արցախի հիմնահարցը արցախյան ինքնության գոյության հետ կապված խնդրի շրջանակներում: «Հակառակորդ պետության կողմից տարածվող լուրերը կարող են տարածվել տարբեր մակարդակներում և ունենալ տարբեր բովանդակություն: Արցախը միշտ զերծ է եղել հայաստանյան ներքաղաքական իրավիճակին բնութագրական շատ բացասական երևույթներից, սակայն, այդուհանդերձ, չի բացառվում կեղծ լուրերի տարածումը քաղաքական պայքարի շրջանակներում: Ուստի, ունենալ գրագետ, պատրաստված, տեղեկացված երիտասարդություն, ովքեր ներգրավված են և տեղյակ են, ինչպես է ընթանում պայքարը, շատ ավելի ճիշտ կլինի»,- ավելացրել է Ա. Հովհաննիսյանը:
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գալիք տարի Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, ընդ որում առաջին անգամ դրանք տեղի են ունենալու նոր Սահմանադրությամբ սահմանված կարգով, մեր զրուցակիցը նշել է, որ, որպես երկրորդ թեմա, ընտրվել է ընտրական գործընթացի կարգավորման առանձնահատկությունները: Ի դեպ, նախատեսվում է նաև հետագայում առավել մանրակրկիտ դասընթացների շրջանակներում անդրադառնալ ընտրական գործընթացին:

  • Կիսվել: