շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԿԲ նախագահի թեկնածուն բանկի մանդատի ընդլայնման անհրաժեշտություն այս պահին չի տեսնում

ԿԲ նախագահի թեկնածուն բանկի մանդատի ընդլայնման անհրաժեշտություն այս պահին չի տեսնում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը կարծում է, որ ԿԲ-ի մանդատը ճիշտ է ընտրված և այս պահին այն ընդլայնելու կարիք չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում իր թեկնածության մասին հարցի քննարկմանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հարցին:

 Միրզոյանը նկատեց, որ որոշ երկրներ գնում են ԿԲ-ի մանդատն ընդլայնելու ուղղությամբ, ԿԲ-ին օժտում են գործառույթներով, որոնք միտված են նպաստելու երկրի տնտեսական աճին: Նա հետաքրքրվեց, թե Հայաստանում ակտուա՞լ է այդ հարցը: «Արյդոք եղած մակարդակն այնքան կայացած ու պաշտպանված չէ՞, որ կարելի է մտածել մանդատի ընդլայնման մասին»,-հետաքրքրվեց ԱԺ նապագահը:

 Գալստյանը նշեց, որ տեսական քննարկումներ կան, թե ԿԲ-ի մանդատը պետք է լինի գների կայունություն ու ֆինանսական կայունությո՞ւն, թե՞, օրինակ, գների կայունություն ու գործազրկություն: «Ես կարծում եմ, որ մեր երկրի ներկայիս իրավիճակում մանդատը ճիշտ է ընտրված: Եվ մեր ունեցած մանդատը, որը վերաբերում է գների կայունությանն ու ֆինանսական համակարգի կայունությանը, իրար և´ փոխլրացնող են, և´ միմյանց հետ բախման մեջ են: Կա կոորդինացիայի խնդիր»,-ասաց թեկնածուն:

Նա նկատեց՝ ապացուցված է, որ ԿԲ-ի կողմից կայուն մակրոմիջավայրի ստեղծումն ինքնին նպաստում է տնտեսական աճին, որովհետև ստեղծում է կանխատեսելիության այն միջավայրը, որտեղ ներդրողները ցանկանում են ներդրում անել: «Իսկ ներդրումները մեր տնտեսական աճի կարևորագույն գործոններից մեկն են: Այնպես որ, կարծում եմ, տնտեսական աճը ԿԲ-ի մանդատին որոշակիորեն ֆորմալացնելու կարիք չկա»,-նշեց Գալստյանը:

Նա հիշեցրեց, որ տնտեսական աճի վերաբերյալ խնդիրները ԿԲ-ի մշտական դիտարկման մեջ են, և տոկոսադրույքի որոշումները կայացնելիս նաև հաշվի են առնվում այդ գործոնները: Բայց ֆորմալ առումով մանդատում դա ֆիքսելը, կարծում է, որ այս պահին դեռ վաղ է:

  • Կիսվել: