կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում է նման որոշում կայացվել. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու մասին

Կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում է նման որոշում կայացվել. Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու մասին

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ի տաղավարում պատասխանեց հարցին, թե ինչու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, որոշում ընդունեց Ղազախստան խաղաղապահ առաքելություն, այդ թվում՝ նաև հայկական ստորաբաժանումներ ուղարկել, և արդյոք ՀՀ-ն հետաքրքրվա՞ծ է, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատեն:

«Հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը, երբ ժամանակին դիմել էր օգնության համար, չէր ստացել նման օգնություն, իսկ այսօր դիմում են Հայաստանին` Հայաստանը գործողություն է իրականացնում: Նախ ուզում եմ ասել, որ այստեղ պատասխանատվության դիրքորոշումն է: Մենք շատ կարևորում ենք պատասխանատվությունը, որը վերցրել ենք: Այստեղ կա մյուս հարցը` արդյոք Հայաստանը հետաքրքրված է, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեն: Այստեղ պատասխանը միանշանակ է` այո: Եթե այո է պատասխանը, ապա Հայաստանը, ելնելով այս պատասխանից, փորձել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեն»,- ասել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով` ՀԱՊԿ մեխանիզմների աշխատելու տրամաբանության մեջ գործընթաց է տեղի ունեցել, մեխանիզմներն առաջին անգամ գործի են դրվել ցույց տալու համար՝ ինչպես պետք է աշխատեն։
 

«Նախ ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ տեղեկություններ է ստացել Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների մասին և երբ ստացել է Ղազախստան նախագահ Տոկաևի դիմումը, որպեսզի ՀԱՊԿ-ը օգնություն տրամադրի, խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ մնացած բոլոր երկրի ղեկավարների հետ: Բոլորը տեղեկություններ են տրամադրել և իրենց գնահատականներն են տվել իրավիճակին, և Հայաստանը ևս իր որոշումն է կայացրել: Այդ պահին այնտեղ հեղափոխական գործընթացներ չէին, արդեն ահաբեկչական գործողություններ կային: Դուք տեսել եք համացանցում և տարբեր հարթակներում գոյություն ունեցող տեսանյութերը, որտեղ մարդիկ զինված են, և այլ գործողություններ էին այնտեղ տեղի ունենում: Եվ կայունության և անվտանգության ապահովման տրամաբանության շրջանակում, նման որոշում է կայացվել»,- նշել է Գրիգորյանը:

 

 

 

 

 

 

  • Կիսվել: