հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ․ Մարուքյան

Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ․ Մարուքյան

Խոսքի ազատությունը վերաբերում է բոլորին, թե հոգևոր ծառայողները, թե աշխարհիկ մարդիկ ունեն խոսքի, կարծիք արտահայտելու իրավունք, բնականաբար, Վեհափառ Հայրապետը կարող է այդ իրավունքից օգտվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Կաթողիկոսի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հայտարարությանը:

«Հիմա կարծիք է ասել: Կարծիքը հարգողն ո՞վ է՝ դատարանը և գլխավոր դատախազությունը: Կհարգեն, կհարգեն, չեն հարգի, չեն հարգի, բայց դրանից դարձնել Հայոց հարցը… Ես նայում եմ ֆեյսբուքյան գրառումներ, արդեն յութուբյան կեղծ ալիքներում տեսանյութեր կան՝ Վեհափառի,  եկեղեցու դեմ: Դա խիստ դատապարտում եմ, վերջապես, մենք մեր արժեքների, մեր երկուհազարամյա եկեղեցու դեմ ենք գնում նման արարքներով։ Որևէ ձևով դա չի կարող արդարացվել»,- նշեց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը միաժամանակ ասաց, որ ինքը  Վեհափառի կարծիքը չի կիսում, բայց եթե դրա մասին արտահայտվելուց պետք հարգալից լինի։

«Ամեն ինչ իր ձևը, կարգուկանոնն ունի: Խոսքը գնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին: Մեր պատմության մեջ եկեղեցու դեմ այնքան ուժեր են դուրս եկել, որոնք բոլորն էլ փոշի են դարձել, վերացել, գնացել են: Եկեղեցու դեմ կարելի՞ է նման ձևով դուրս գալ, նման հայտարարություններ անել։ Մենք գնում ենք եկեղեցի, մեր երեխաներին կնքում: Հետևաբար, պետք է զգույշ լինել նման հայտարարություններում, Կաթողիկոսի հետ անհամաձայնությունը չպետք է դառնա եկեղեցու դեմ ծավալված զզվելի արշավ: Այո, կոնկրետ արշավ է՝ ոչ միայն ֆեյքերի, նաև քաղաքական առումով, որովհետև Վեհափառին ավազանի անունով կոչելը վիրավորանք է, նման բան չի կարելի անել: Իրեն կարող են սիրել կամ չսիրել, հարգել կամ չհարգել, բայց նա օծված է և Ամենայն Հայոց Կաթողիկոսն է», - նշեց Էդմոն Մարուքյանը:

  • Կիսվել: