Կաթողիկոս կոչեցալը՝ ձեր վեհափառ կոչած անձը, բացարձակապես կապ չունի հոգևորականության հետ. ՔՊ-ական պատգամավոր
Ո՞վ է կարգալույծ արել էս մարդուն, կարգալույծ արված մարդը չի կարող որևէ մեկին կարգալույծ անել։ Այս մասին այսօր Հովհաննավանքում, լրագրողների հետ զրույցում նախկին քահանա Տեր Արամի՝ կարգալույծ լինելուն անդրադառնալով, ասաց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը:
Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում կարգալույծ արված Կաթողիկոսն ինչպե՞ս է օծել Տեր Արամին՝ Պալյանը նշեց. «Ընթացքում փաստեր են ի հայտ եկել, հանգամանքներ են պարզվել: Փաստը մնում է փաստ, որ կաթողիկոս կոչեցալը՝ ձեր վեհափառ կոչած անձը, բացարձակապես կապ չունի հոգևորականության հետ: Արդյո՞ք կաթողիկոսն ունի զավակ, թե՞ ոչ, ինչի մասին մենք հաճախ խոսում ենք: Կաթողիկոսը չի հերքել, դա անհերքելի փաստ է: ՀՀ քաղաքացին փորձելու է եկեղեցին ազատել նմանատիպ մարդկանցից»:
Նրա խոսքով՝ ինքը միշտ լսում է վարչապետին և ստորագրում նրա յուրաքանչյուր ասածի տակ: «Մենք ժողովրդի հետ միասին վեհարանը վերադարձնելու ենք վեհին: Այն մարդիկ, որոնք հոգևորականության հետ որևէ առնչություն չունեն, րոպե առաջ հեռանալու են եկեղեցուց: Առանց քաղաքական մոտիվների: Առաջիկայում պարզ կլինի՝ ով է վեհը»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ իրենց վեհի թեկնածուն լինելու է այն մարդը ով իրականում հոգևոր արժեքներ է կրում:


