Կարծում ենք, որ մյուսները ևս կմիանան մեզ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում
Նախագահ Բայդենը եւ նրա վարչակազմը հանձնառու են մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովմանը ամբողջ աշխարհում եւ սա նաեւ ենթադրում է նման դեպքերի կրկնության բացառումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Ցեղասպանության ճանաչման մասին Բայդենի հայտարարությունը մենք համարում ենք շատ ազդեցիկ եւ կարծում ենք, որ մյուսները եւս կմիանան մեզ այդ ճանապարհին: Մենք այդ հայտարարություններով ճանաչում ենք 1915-ին տեղի ունեցած պատմական փաստը»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու է ԱՄՆ-ն եւ միջազգային հանրությունը լուռ հետեւում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ ցեղասպանության իրական վտանգին, Թրեյսին պատասխանեց. «Մենք հանձնառու ենք աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու հարցում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և որպես Միացյալ նահանգներ՝ Հայաստանի բարեկամ և գործընկեր:
Վերջին ամիսների ընթացքում պետքարտուղար Բլինքենը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել երկրների ղեկավարների հետ՝ կոչ անելով իրավիճակի ապաէսկալացման, ինչպես նաև միմյանց հետ շփումների մեջ լինել խաղաղության գործընթացը կերտելու համար»:
Նա հիշեցրեց, որ մարտի 25-ին հայտարարությամբ են հանդես եկել, որով ադրբեջանական զորքերի տեղաշարժի և իրավիճակի ապակայունացման ջանքերին են անդրադարձել։
«Կողմերին հորդորում ենք զերծ մնալ սպառնալի և թշնամական հռետորաբանությունից, ինչը չի օգնում գործընթացին։ Կասկած չկա, որ բանակցությունները դժվար կլինեն։ Սա բարդ հակամարտություն է, որը երկար տարիների ընթացքում է ձևավորվել։ Ողջունում ենք վարչապետի՝ անցած շաբաթվա խոսքը և կարևոր ենք համարում նրա այդ ուղերձը և բոլոր կողմերին կոչ ենք անում, որպեսզի հանդես գան խաղաղությանն աջակցող նման ուղերձներով», - ասաց Թրեյսին։