Կարծում եմ՝ Լաչինի միջանցքը կբացվի և զիջումներ չեն լինի․ այս պահին այլ տեղեկություններ չունեմ․ Վիգեն Խաչատրյան
«Կարծում եմ՝ Լաչինի միջանցքը կբացվի և զիջումներ չեն լինի»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, հավելելով, որ այս պահին միջանցքի բացվելու վերաբերյալ տեղեկություններ չունի։
«Կարծում եմ՝ Ղարաբաղի իշխանությունները ճիշտ դիրքորոշում ունեն, որ զիջումների չեն գնում: Իրենց ինքնուրույնությունը չպետք է զիջեն այս պարագայում Ղարաբաղի իշխանությունները: Ես չեմ կարծում, որ մաքսակետ տեղադրելու հարցում Ղարաբաղի իշխանությունները գան համաձայնության: Մյուս կողմից մենք միշտ ասել ենք, որ պետք է պաշտպանենք Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումները, և շատ կարևոր է, որ իրենք այս ընթացքում իրենց դիրքորոշումները չփոխեն»,-ասաց նա:
Անդրադառնալով խոսակցություններին, թե ադրբեջանցի իբր բնապահպանները պահանջում են իրենց վերահսկողությանը հանձնել Կաշենի եւ Դրմբոնի հանքերը, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Մենք պետք է քիչ շրջանառության մեջ դնենք այն ձևակերպումները, որոնք Ադրբեջանը մեզ անընդհատ սադրում է: Այնտեղ բնապահպաններ չկան: Դրանք Ադրբեջանի իշխանությունների խորամանկ կամ ճարպիկ փորձերն են աստիճանաբար վերահսկողություն հաստատել Արցախի Հանրապետության նկատմամբ: Արցախի նոր պետնախարարը հայտարարեց, որ իրենք պատրաստ են, որ եթե Ադրբեջանն ընդունի իրենց սուբյեկտայնությունը, իրենք մտնեն բանակցությունների մեջ: Ես կարծում եմ՝ սա ճիշտ կողմնորոշում է, այս թնջուկը պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ բանակցություններում»:



