չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կարող է` խաղաղության պայմանագիրը ստորագրենք, Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ, դրա համար պետք է սահմանների հստակեցում լինի. Փաշինյան

Կարող է` խաղաղության պայմանագիրը ստորագրենք, Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել ՀՀ-ի նկատմամբ, դրա համար պետք է սահմանների հստակեցում լինի. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում պատասխանեց հարցին, թե արդյոք մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կկնքվի՞:

«Մենք, համենայնդեպս, դրա համար ամեն ինչ կանենք»,-ասաց նա:

Նրա խոսքով` շատ կարևոր է, որ գլխագրային խոսակցությունից անցում կատարվի բուն տեքստին, այսինքն` բովանդակային խոսակցության:

«Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, օրինակ՝ կա տարբերակ՝ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որն ընդհանուր շրջանակն է գծագրում հարաբերությունների և չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը: Եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է և կարողանանք, բայց ես էլի եմ ուզում ասել, որ մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք դրա համար»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ խաղաղության պայմանագրի՝ առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի:

«Ասում ենք` տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, իսկ Ադրբեջանը մյուս կողմից ասում է, որ իրենք ՀՀ տարածքը չեն օկուպացրել, այնտեղ են, որտեղ սահմանն է, կարող է` մենք պայմանագիրը ստորագրենք, Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ, դրա համար պետք է սահմանների հստակեցում լինի»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խաղաղության պայմանագրի շրջանակային և ոչ շրջանակային տարբերակներ կան:

«Ուզում եմ ասել` մենք նաև մեր առաջարկներն ենք ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակի վերաբերյալ, և նաև Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունը իր առաջարկները, մեծ հաշվով` տեքստի մեր տարբերակը, ներկայացրել է քննարկման: Հույս ունենք` Ադրբեջանը դրանք կառուցողական կքննարկի և կարձագանքի»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: