երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կարևորվել է ռազմագերիների և պատանդառվածների հայրենադարձման հարցում ԿԽՄԿ-ի առաջնային դերակատարությունը

Կարևորվել է ռազմագերիների և պատանդառվածների հայրենադարձման հարցում ԿԽՄԿ-ի առաջնային դերակատարությունը

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չապագայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել  ֆեդերացիայի դերը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների կարողությունների զարգացման և բնական աղետների դիմակայման գործում:

Ալեն Սիմոնյանը նշել  է, որ պատվիրակությունը շատ բարդ ժամանակաշրջանում է եկել Հայաստան, երբ դեռ կրում ենք Թուրքիայի ու վարձկանների օգնությամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները, և բազում չլուծված հարցեր կան:

Զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի բերած հումանիտար խնդիրներին` դրանց կարգավորման առումով կարևորելով Ֆեդերացիայի մանդատը:

ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին տեղեկացրել է գերեվարվածների և անհետ կորածների ծնողների հետ երեկվա հանդիպման մասին: Ալեն Սիմոնյանը նշել է ռազմագերիների և պատանդառվածների հայրենադարձման հարցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը: Այս համատեքստում նա շեշտել է համապատասխան հարթակներում հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցի առաջնայնությունը:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի խոսքը:

Հանդիպմանը զրույց է ծավալվել տեղահանվածների խնդիրների, համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի, կարիքների գնահատման և լուծումների շուրջ:

  • Կիսվել: