հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Կառավարությունն այսօրվա նիստում Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը 109.6 մլն դրամի արտոնություն կտա

Կառավարությունն այսօրվա նիստում Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը 109.6 մլն դրամի արտոնություն կտա

Գործադիրն այսօրվա նիստում որոշում կընդունի «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու մասին։

««Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 50 նոր աշխատատեղեր 153 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 109.6 մլն դրամ։

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»,-ասվում է որոշման հիմնավորման մեջ։

Հիշեցնենք, որ ընկերության սեփականատերն է գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը։

  • Կիսվել: