կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կան մարդիկ, որ իրենց գլուխներն են առհասարակ թմբուկի տեղ օգտագործում. Ալեքսանյան

Կան մարդիկ, որ իրենց գլուխներն են առհասարակ թմբուկի տեղ օգտագործում. Ալեքսանյան

Ուզում եմ խոսել մեր ընդդիմության կողմից գեներացվող դիսկուրսի մասին, հատկապես դատավորների ու արդարադատության համակարգի շուրջ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ինչ է ասում մեր ընդդիմությունը, ասում է՝ կան դատավորներ, որոնք տականք են, ինչպես բնութագրում է մեր գործընկեր Գեղամ Նազարյանը, եւ կան դատավորներ, որոնք անկախ, փառահեղ ու պանծալի կերպարներ են: Բայց այդ ամենը մեր ընդդիմության տրամաբանությամբ, պայմանավորվում է նրանով. Որ եթե մի դատավորը կալանքի որոշում է տվել իրենց գործընկերներից, ընկերներից մեկին, տականք է, մյուս դատավորը, որ կալանքի որոշում է տվել ինչ-որ մի գործով մի վկայի, էդ դատավորը պանծալի մի մարդ է, եւ պետք է գնալ ցույցեր անել, որ նրա տված կալանքի որոշումը չքննվի: Ես այս մոտեցումը չեմ հասկանում»,-ասաց նա:

Ալեքսանյանը հիշեցրեց, որ «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդեւանյանը օրերով խոսում է կալանքի ոչ անհրաժեշտ ու ոչ պարտադիր լինելու մասին.

«Ասում է, որ պետք է քննվեն երեւույթները, թե ինչու են առհասարակ մարդկանց անընդհատ կալանք տալիս: Հիմա մի դատավոր, կոնկրետ մի գործով կալանք է տվել, այդ որոշումը քննության առարկա է դարձել: Բայց չգիտես ինչու, այդ քննությունը դարձել է ամբողջ ընդդիմությանը համախմբող մի թրիգեր: Էլ չեմ խոսում այն մասին, որ պատերազմի մասնակից, ջոկատի հրամանատար կամ հրամանատարի տեղակալ, սխրանքներ գործած մարդուն, դատավորին ասում են՝ թմբուկ զարկող: Մարդիկ կան, ես կարծում եմ՝ իրենց գլուխներն են առհասարակ թմբուկի տեղ օգտագործում»,-ընդգծեց իշխող ուժի պատգամավորը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը «թմբուկ զարկող» է անվանել դատավոր Դավիթ Արղամանյանին, որը կալանքի որոշում է կայացրել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ:

  • Կիսվել: