ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կա անհրաժեշտություն՝ վարչապետի թեկնածու մեջտեղ բերելու. այդ խնդիրը մեր առջև դրված է. Սաղաթելյան

Կա անհրաժեշտություն՝ վարչապետի թեկնածու մեջտեղ բերելու. այդ խնդիրը մեր առջև դրված է. Սաղաթելյան

՛՛Դիմադրություն՛՛ շարժումը խախտել է երկիրը հանձնելու ժամանակացույցը: Այս մասին այսօր Երկիր մեդիա, 5-րդ ալիք եւ Հ2 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց ԱԺ Հայաստան խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց. ՛՛Այն աղետը, որն այս օրերին ունենք, նախատեսված էր ավելի շուտ, ու ավելի մեծ ծավալով, այս իմաստով ակնհայտ են ՛՛Դիմադրություն՛՛ շարժման ձեռքբերումները՛՛:

Սաղաթելյանը նաեւ հավելեց. ՛՛Դիմադրություն՛՛ շարժումն իր գլխավոր նպատակին՝ օրվա իշխանություններին հեռացնելու եւ աղետները կանխելու գործընթացներին դեռ չի հասել, բայց վստահ եմ՝ մեր բացթողումները գնահատելով եւ ճիշտ եզրահանգումներ անելով՝ հնարավոր է հասնել այս իշխանությունների հեռացմանը, կարեւորն այս պահին չհուսահատվելն ու չնահանջելն է։ Իսկ ինչ վերաբերում է այն քննադատություններին, թե շոգին կամ ձմռանը պայքար չենք մղում, ապա նշեմ, որ նույնիսկ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ ձմռանը վրանները խփած էին, իսկ Նոր տարին էլ Հրապարակում էինք դիմավորել, կյանքը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ մենք որեւէ պարագայում հետ չենք կանգնելու՛՛:

Սաղաթելյանն անդրադարձավ Շարժման բացթողումներին: Նա, մասնավորապես, ասաց, որ իրենց բացթողումներից մեկը երկրին սպառնացող վտանգների մասին քաղաքացիներին ոչ ամբողջությամբ պատկեր հաղորդելն է։

՛՛Այսինքն՝ Նիկոլի մեջտեղ բերած կեղծ խաղաղության օրակարգը, որը, ըստ էության, նոր քաոսի, կապիտուլյացիայի, պատերազմի ու կորուստների օրակարգ է, մարդկանց մոտ ավելի գրավիչ եղավ, քան մեր առաջարկած պայքարի օրակարգը։ Երկրորդ բացթողումն այն է, որ մեր պայքարը՝ հանուն Արցախի ու պետականության, դիտարկվեց որպես պայքար իշխանության համար, պայքար նախկինների վերադարձի համար, պայքար ընդդիմություն-իշխանություն կոնտեքստում՛՛։

Նրա խոսքով՝ օրակարգը, որն արժանապատիվ խաղաղության հասնելու ու պայքարի օրակարգ է, նաեւ միջազգային ընկալման խնդիր ունեցավ։

՛՛Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակցաբար միջազգային հանրությանը մեր շարժումը ներկայացնում էին իբրեւ ռեւանշիստների պայքար, իմ վերջին եվրոպական այցելությունը դրա վառ ապացույցն էր, երբ շատ սխալ միջազգային ընկալում կար մեր շարժման նկատմամբ։ Եվ ամենավերջինը՝ մենք չենք կարողացել մեր շարժման մասնակիցներին, մեր համակիրներին ու աջակիցներին դարձնել ամենօրյա պայքարի մասնակից։ Հայաստանում կա հականիկոլական հսկայական զանգված, մեր ազգաբնակչության մեծամասնությունը գիտակցում է, որ սրանք մեզ տանում են կործանման, բայց մեզ չի հաջողվել այդ քաղաքացիներին ներգրավել պայքարում՛՛։

Սաղաթելյանը նշեց, որ այս խնդիրներն իրենք պետք է լուծեն, որ կարողանան հաջորդ փուլում ավելի կազմակերպված լինել. ՛՛Մենք մեր աջակիցներից պետք է ստանանք կազմակերպված բանակ, այս իշխանությանը փողոցային ճանապարհով հեռացնելու համար բարձր որակի կազմակերպվածությունն անհրաժեշտություն է, այս խնդիրը նույնպես մենք չենք կարողացել լուծել՛՛:

Լրագրողների հարցին, թե պայքարի հաջորդ փուլում կներկայացվի՞ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի անունը, Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ եթե ընդդիմությունը խորհրդարանի միջոցով գնա իմպիչմենտի ճանապարհով, ապա օրենքի պահանջի համաձայն՝ պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուին։

Նա նշեց. ՛՛Թեկնածուն որոշվելու է ոչ թե կուսակցական գրասենյակներում, այլ ժողովորդի մասնակցությամբ։ Մենք այդ հարցից չենք խուսափում, բայց այս օրերին մեկը փրկիչ է ման գալիս, մյուսը՝ առաջնորդ, այն մյուսն էլ ձիու վրա նստած հերոս, որը կգա ու ստեղծված իրավիճակից երկիրը դուրս կբերի, բայց ես վստահեցնում եմ, որ փրկիչներ չկան, պայքարի պատրաստ մեր հայրենակիցները պետք է գտնեն այն ուժերին, որոնք գնալու են մինչեւ վերջ, որոնք անձնազոհ պատրաստ են պայքարելու հանուն հայրենիքի, համախմբումը պետք է լինի հայրենիքի շուրջ։ Կա՞ անհրաժեշտություն թեկնածու մեջտեղ բերելու, այո, այս խնդիրը մեր առջեւ դրված է՛՛:

Սաղաթելյանի պնդմամբ՝ իրենք վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսելու են բացառապես այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն։

Նրա խոսքով՝ իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա. հրաժարական եւ խորհրդարանի միջոցով պաշտոնանկություն։ ՛՛Այս երկու տարբերակներից որեւէ մեկը հաջողության կհասնի բացառապես համաժողովրդական լայն ընդվզման, եթե կուզեք ասեմ՝ ապստամբության միջոցով, որովհետեւ սրանք հակահայ իշխանություններ են, եթե այդ պատկերը չունենանք, այսինքն՝ համաժողովրդական ընդվզումը, ապա ո՛չ հրաժարականն է ստացվելու, ո՛չ էլ պաշտոնանկությունը։ Մենք պետք է ունենանք հասունացած այդ իրավիճակը, հետո մտնենք այդ պրոցեսի մեջ, այդ պրոցեսը չպետք է ձեւական լինի։ Այսինքն՝ պաշտոնանկությունը մեր օրակարգում է, այդ պրոցեսի մեջ կմտնենք այն ժամանակ, երբ դրա համար ունենանք նպաստավոր պայմաններ, իսկ մեր պարտականությունն է հասունացնել այդ օրը՛՛,-նշեց Սաղաթելյանը:

Ինչ վերաբերում է խորհրդարան վերադառնալուն, ապա Սաղաթելյանն ասաց, որ նախորդ հայտարարություններն այդ մասով ուժի մեջ են, ոչինչ չի փոխվել։

Ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարել էր, որ խորհրդարան կվերադառնան միայն իրենց օրակարգով։

  • Կիսվել: