երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ջավախահայ մտավորականները Վրաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի դեսպաններին նամակներ են հղել Ադրբեջանի կողմից Արցախ շրջափակման հարցով

Ջավախահայ մտավորականները Վրաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵՄ-ի դեսպաններին նամակներ են հղել Ադրբեջանի կողմից Արցախ շրջափակման հարցով

Ջավախահայ մտավորականները Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանին  Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Դիեգո Կոլասիին  Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչկնսկիին նամակներ են հղել Ադրբեջանի կողմից Արցախ շրջափակման հարցով.

՛՛Հարգարժան դեսպաններ, արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանի իշխանությունների կազմակերպմամբ այսպես կոչված «Բնապահպանները» փակել են Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միակ միջանցքը, ինչի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ 21-րդ դարում հայտնվել են տոտալ շրջափակման մեջ։ Այս աղետալի շրջափակման պատճառով, որը տեղի է ունենում ձմռան կեսին, հազարավոր մարդկանց բաժանել է իրարից։

Դրանից բացի հարյուրավոր մարդիկ, ովքեր ունեն առողջական խնդիրներ, եւս չեն կարող մեկնել Երեւան շտապ անհրաժեշտ օգնություն ստանալու համար։ Տեղի բնակչության տեղեկության համաձայն՝ Ղարաբաղում արդեն իսկ զգացվում է վառելիքի խնդիր, իսկ ապագայում եթե այս անմարդկային շրջափակումը շարունակվի հնարավոր է առաջանա նաեւ սնունդի եւ ջեռուցման խնդիր։

Սրա հետ մեկտեղ պետ է նշենք, որ երեկվա տվյալներով Ադրբեջանը փակել է նաեւ գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ, ինչը եւս անմարդկային վերաբերմունքի ճչացող դրսեւորում է հատկապես սառը եղանակային պայմաններում։ Լաչինի միջանցքի փակումը եւ Ղարաբաղի ժողովրդին տոտալ շրջափակման մեջ վերցնելը ոչ միայն կոպտագույն խախտում է 2020թ․ թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլ նաեւ բոլոր բանակցային կետերի, որոնց մեջ վերջին երեք տասնամյակների ընթացքում եղել է հստակ կետ Լաչինի միջանցքի վերաբերյալ եւ որոնք բանակցվել են ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի Հանրապետության միջնորդությամբ։

Դրանից բացի նման անմարդկային շրջափակումը խախտում է միջազգային բոլոր տեսակի հումանիտար նորմերը եւ հասու է Լեռնային Ղարաբաղի բնակչության համար լրջագույն հումանիտար աղետով։ Այս ահաբեկման ակտով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ցեղասպանել կամ ճնշման ու վախի մթնոլորտ ստեղծելով տեղահանել Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին, ինչպես նաեւ վանդալիզմի ենթարկել հայկական մշակութային եւ կրոնական կոթողները, որը արվեց 2020 թվականի պատերազմի ընթացքում իրենց ազդեցության տակ անցած քաղաքներում եւ գյուղերում։

Ինչ վերաբերվում է այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահներին,  որոնց ըստ եռակողմ հայտարարության կետերից մեկի հանձնված էր միջանցքի անվտանգության ապահովումը, ապա նրանք կամ չեն կարող, կամ էլ չեն ցանկանում ապահովել միջանցքի բնականոն աշխատանքը, ինչը կասկածի տակ է դնում նրանց ներկայության անաչառությունը եւ նպատակահարմարությունը։ Մեր համոզմամբ Լեռնային Ղարաբաղում պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի կողմից հաստատված միջազգային խաղաղապահ ուժեր եւ այս գործում մեծ պետք է լինի ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի եւ ԵՄ-ի դերակատարումը։

ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ԵՄ-ը մեծ օգնություն են ցուցաբերել հայ ժողովրդին 1915 թվականի ցեղասպանության ժամանակ, ինչը մենք երբեք չենք կարող մոռանալ։ Ձեր կառավարությունները նոյեմբերի 13-ի իրենց հայտարարությունների մեջ հստակ դիրքորոշում են հայտնել Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ՝ պահանջելով Բաքվից վերջ տալ անօրինական շրջափակմանը, ինչի համար հայ ժողովուրդը մեծապես շնորհակալ է։

Սակայն մեր համոզմամբ դա բավարար չէ, եւ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պետ է ակտիվացնեն իրենց ջանքերը թույլ չտալու համար եւս մեկ նոր ցեղասպանության իրականացում արդեն 21-րդ դարում։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է ժողովրդավարական ճանապարհով դեռ 1991թ-ին երբ գործող ԽՍՀՄ օրենքը թույլ էր տալիս նմանատիպ որոշում կայացնելու, քանզի ԽՍՀՄ հիմնադիրները անցյալ դարասկզբին բռնի կերպով էին միացրել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ԽՍՀՄ կազմին, ինչի հետեւանքով տեղի ժողովուրդը տասնամյակներով բախվում էր ծանրագույն խնդիրների։

Հարկ է նաեւ նշել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի գոյության պատմության ամբողջ ընթացքում երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։    

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն ՝ Էդուարդ Այվազյան

«Ջավախք» Ժողովրդական շարժման  նախագահ ՝ Նորիկ Կարապետյան

«Ջավախք» հասարակական կազմակերպության նախագահ ՝ Ստեփան Հակոբյան

«Վիրք» կուսակցության համանախագահ ՝ Դավիթ Ռստակյան՛՛:

  • Կիսվել: