շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իտալական ռեալպոլիտիկի յուրօրինակ դաս. Ադրբեջանը մեզ կերակրում է լավ գնով վաճառվող մեթանով, ուստի պետք չէ խոսել ԼՂ-ից բռնագաղթածների մասին․ իտալական պարբերական

Իտալական ռեալպոլիտիկի յուրօրինակ դաս. Ադրբեջանը մեզ կերակրում է լավ գնով վաճառվող մեթանով, ուստի պետք չէ խոսել ԼՂ-ից բռնագաղթածների մասին․ իտալական պարբերական

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է իտալական պարբերականի անդրադարձը՝ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի ագրեսիային․

Իտալիան աչք է փակում ադրբեջանցի ցեղապետի վրա․ Կառլո Տեչչե

«Իտալական ռեալպոլիտիկի յուրօրինակ դաս. Քանի որ Ադրբեջանը մեզ կերակրում է լավ գնով վաճառվող մեթանով, ուստի պետք չէ ճառախոսել ադրբեջանցի ժողովրդի մարդկային, քաղաքացիական, սոցիալական իրավունքների կամ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայ փախստականների մասին: Երբ ձեռնտու չէ, ավելի լավ է անտեսել բարոյական սկզբունքները, որովհետև Հռոմը Բաքվի ջանասեր հաճախորդն է, որի հետ պայմանները քաղաքական են, առավել քան՝ պայմանագրային։ Բողոքի ցույցերը չեն հանդուրժվում։ Լռութեան շաղախը շատ ողջունելի է։ Բայց այ շողոքորթությունն է, որ գոհացնում է ադրբեջանական ռեժիմին։ Ինչպես իտալացի խորհրդարանականների եռյակը, ովքեր ընդունել են Ադրբեջանի հրավերը՝ դիտարկելու փետրվարի 7-ին Իլհամ Ալիևի կողմից իր հինգերորդ մանդատը ապահովելու համար արտահերթ նախագահական ընտրությունները:

Խոսքը «Fratelli d'Italia»-ի պատգամավորներ Սալվատորե Կայատայի ու Անդրեա Դի Ջուզեպպեի մասին է, և «Italia Viva»-ի պատգամավոր Նաիկե Գրուպիոնիի: Բաքվի կառավարության նշանավոր հյուրերը, որոնք, ըստ «L'Espresso»-ի հավաքած փաստերի, վերադարձան Իտալիա՝ խանդավառությամբ և գուցե արժեքավոր դասերով՝ ի տարբերություն եվրոպացի գործընկերների, ովքեր այցելել են ադրբեջանական ընտրատեղամասեր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից և արձանագրել առանց մրցակցության, առանց հակառակորդների, առանց լրագրողների քվերակություն։ Ոչ ազատ քվեարկություն:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ՝ Դի Ջուզեպպե և Կայատա հայրենասեր զույգը, ինչպես նաև Գրուպիոնին երեք բավականին հոգնեցուցիչ օր են անցկացրել Բաքվում. փետրվարի 6-ին՝ մեկնում. 7-ին՝ պարեկություն ընտրատեղամասերում, 8-ին՝ հանդիպում խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, 9-ին վերադարձ Իտալիա՝ շինծու մամուլի ասուլիսներից հետո։ Յուրաքանչյուրը ադրբեջանական լրատվամիջոցներին պատմել է սեփական ուսուցողական փորձի մեկ ասպեկտի մասին: Գրուպիոնին նշել է քվերակությանը ինքնաբուխ մասնակցությունը. «Ես կցանկանայի, որ աշխարհի մյուս երկրները նույնքան հետաքրքրված լինեին ընտրություններով, որքան Ադրբեջանում»: Դի Ջուզեպպեն բարձր է գնահատել երիտասարդների մոբիլիզացիան. «Ես հանդիպեցի բազմաթիվ երիտասարդների, ինչը դրական փաստ է՝ ի տարբերություն Իտալիայի և Եվրոպայի, որտեղ նրանք դժկամությամբ են քվեարկում: Սրանք կարևոր ազդանշաններ են ժողովրդավարական գործընթացում: Մեր երկրում մենք պետք է օգնենք մարդկանց վերագտնել իրենց սերը քաղաքականության հանդեպ և վերադարձնել նրանց քվեարկությանը»: Պակաս շատախոս Կայատան գովել է «թափանցիկությունը»։

Այժմ Ադրբեջանը՝ նախկին Խորհրդային Հանրապետությունը, որն ավելի ու ավելի սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ, Իտալիա մեթան մատակարարող երկրորդ պետությունն է: Վարկանիշային աղյուսակում հաջորդում է ժողովրդավարության մեկ այլ նշանավոր չեմպիոն Ալժիրին։ Ալժիրն ու Բաքուն փոխարինել են Մոսկվային։ Վլադիմիր Պուտինը քսան տարի բավարարել է Հռոմի էներգետիկ կարիքները, որին փաստացիորեն ենթարկեցրել է իրեն՝ իտալական կառավարությունների անխռով մեղսակցության շնորհիվ: Անցյալ տարի մեթանի սպառումը կրճատվել է մինչև 61,5 միլիարդ խորանարդ մետր: Նույնը գրանցվել էր նաև մոտ տասը տարի առաջ՝ արտադրության և կլիմայական գործոնների հետևանքով, ինչպես նաև բարձր ծախսերի, որոնք ստիպում են ընտանիքներին խնայել: Ամեն դեպքում, և չնայած սպառման տատանումներին, 2023 թվականին TAP գազատարը մոտ 9,2 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական մեթան է տեղափոխել Սալենտոյի ափեր։ Տարեկան մատակարարումների ավելի քան տասը տոկոսը: Հռոմի և Բաքվի միջև առևտրային հաշվեկշիռը ոչ թէ հակված է դեպի Բաքու, այլ՝ հպատակված է նրան։ Հռոմը ապրանքներ է արտահանում 400 միլիոն եվրոյի և ներմուծում է մոտ 12 միլիարդի՝ մասնավորապես մեթան և նավթ։ 2022 թվականին գնաճի պատճառով ներմուծումը կազմել է 20, 2021-ին՝ մոտ 9, մինչ նախկինում միջինը 5 միլիարդ եվրո: Հռոմի ներդրումը հիմնարար նշանակություն ունի Բաքվի համախառն ներքին արտադրանքի համար, որը կազմում է 50 միլիարդ եվրո։

Տնտեսական հարաբերությունները վերականգնելու համար Մելոնիի կառավարությունը պատրաստակամորեն վաճառում է ապրանքի մի տեսակ, որը քիչ ժողովրդավարական կամ ընդհանրապես ոչ ժողովրդավարական ռեժիմները համառորեն պահանջում են, որն է՝ զենքը: Հունիսին Հռոմը Բաքվին վաճառել է Լեոնարդոյի C27J Spartan մարտավարական տրանսպորտային մի ինքնաթիռ՝ մի քանի տասնյակ միլիոն եվրո արժողության: Լավ նշան պաշտպանության ոլորտում խոստումնալից համագործակցության համար, որին նպաստեց 2023 թվականի հունվարին նախարար Գուիդո Կրոզետտոյի այցը: Սեպտեմբերին, սակայն, ադրբեջանական բանակը վերսկսեց ռմբակոծել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքը և, հետևաբար, գոյություն չունեցող Արցախի Հանրապետության տանջահար հայ բնակչությանը (տես՝ ստորև հոդվածը): Դարավոր հակամարտությունն ավարտվեց հայերի և տասնյակ հազարավոր փախստականների հանձնվելով։

Եվրախորհրդարանի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի բանաձևում խոսվում է «էթնիկ զտումների» մասին. «Մենք ցավում ենք Ադրբեջանի կողմից վերջերս տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների թվի առնչությամբ, մենք համերաշխություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հայերին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և նախնիների հողերը. Մենք կարծում ենք, որ ներկայիս իրավիճակը հավասարազոր է էթնիկ զտումների»: Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դրոշը բարձրացնելու միջոցով հաղթանակը շահարկելու համար նախագահ Ալիևը արտահերթ ընտրություններ է նշանակել՝ հինգերորդ անընդմեջ մանդատ ստանալու և իշխանության ղեկին մնալու առնվազն մինչև 2031 թվականը:

Ալիևը քսան տարի առաջ հաջորդեց հորը՝ Հեյդարին՝ Խորհրդային Միության ժամանակներում բացարձակ կարևորության գործիչ, ապա՝ անկախ Ադրբեջանի հիմնադիր: Այլախոհության ճնշումների, լրագրողների ձերբակալությունների և ֆարսային մրցակցության պայմաններում Ալիևը հաղթեց՝ ստանալով ընտրություններին մասնակցած 76 տոկոս ձայների 92 տոկոսը։ Անկախ նրանից, թե առաջնորդները բռնապետեր են, թե ինքնակալներ, ոչ ժողովրդավարական վարչակարգերին արևմտյան գոռոզամտությունը այլևս դուր չի գալիս: Այսպիսով, ոչ անաչառ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծեց իր հակատիպարը։ Նա Բաքու բերեց հստակ ժողովրդավարական ծագմամբ «դիտորդներ» և նրանց ներկայացրեց բնակչությանը՝ Apa պետական լրատվական գործակալության կողմից ուռճացված հարցազրույցներով և հայտարարություններով: Իտալիան պետք է ընդամենը ընտրեր. Միջխորհրդարանական բարեկամության խումբը բավականին ակտիվ է և ղեկավարում է Մարկո Սկուրիան («Fratelli d'Italia»), ով նախկինում մեկնել էր Բաքու՝ Էտտորե Ռոզատոյի («Italia Viva») և Ջուլիո Տերցիի (նախկին արտգործնախարար Մարիո Մոնտիի օրոք) հետ քաղաքական գործիչ Ջորջիա Մելոնիի օրոք, նշելու Հեյդար Ալիևի ծննդյան հարյուրամյակը։

Երեք խորհրդարանականներ Կայատան, Դի Ջուզեպպեն և Գրուպիոնին իրենց բնորոշել են որպես «դիտորդներ»։ Ու՞մ անունից և ու՞մ հաշվին. Նրանք ԵԱՀԿ խմբի հետ չէին, որն ի միջի այլոց բաղկացած էր վեց իտալացիներից, չորս պատգամավորներից և խառը խմբի երկու սենատորներից։ Դի Ջուզեպպեն և Գրուպիոնին բացակա են եղել Պատգամավորների Պալատի համար, մինչդեռ Կայատան առաքելություն էր իրականացնում Կենտրոնական եվրոպական նախաձեռնության Ince-ի համար: «L'Espresso»-ն կապ է հաստատել երեք խորհրդարանականների հետ։ Դի Ջուզեպպեն բացատրել է, որ ինքը կատարել է նաև Միջազգային Առևտրի կոմիտեի նախագահի իր դերը։ Նրա փոխնախագահ Գրուպիոնին մանրամասնել է, որ ինքը հայտնել է այն, ինչ տեսել է, չի եղել վերամշակում, չի եղել կարծիք՝ յուրատեսակ ասեպտիկ լրագրող: Կայատան չի պատասխանել։ Ակնհայտորեն ադրբեջանական մոդելը նրան շատ է հետաքրքրել։ Եվ նա դա փորձարկում է»։

  • Կիսվել: