Իսրայելցի քաղաքական գործիչները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ են արել
Իսրայելցի երկու քաղաքական գործիչներ Երուսաղեմին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է The Times of Israel-ը:
Իսրայելական «Կախոլ լավան» դաշինքի ղեկավարներից մեկը՝ Յայիր Լապիդը, թվիթերյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների կողմից Հայոց ցեողասպանությունը ճանաչող բանաձևին: «Դա պատմական ճշմարտության եւ արդարության համար ձայն էր: Չի կարելի թույլ տալ, որպեսզի Թուրքիան վախեցնի աշխարհին եւ հերքի ցեղասպանությունը: Ես կշարունակեմ պայքարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,-գրել է նա:
Նշվում է, որ Լապիդը տարեսկզբին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Քնեսեթում ներկայացված օրինագծի հեղինակներից է:
Քնեսեթի պատգամավոր Գիդեոն Սաարը Թվիթերում նույնպես կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա գրել է. «Ես ողջունում եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի սկզբունքային եւ բարոյական դիրքորոշումը՝ 100 տարի առաջ հայերի սպանությունը ցեղասպանություն ճանաչելով: Իսրայելը եւս պետք է հստակ հայտարարի այդ սարսափելի վայրագության ճանաչման մասին»:
Աղբյուրը նշում է, որ Իսրայելը հրաժարվում է կոտորածը պաշտոնապես ցեղասպանություն ճանաչել՝ աշխարհաքաղաքական եւ ռազմավարական նկատառումներից ելնելով, եւ, առաջին հերթին, Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով: