կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իշխանությունը կրկին  խաբելու է և ընտրություններ չի նշանակելու․ Սաղաթելյան

Իշխանությունը կրկին խաբելու է և ընտրություններ չի նշանակելու․ Սաղաթելյան

Մենք ունենք բոլոր բավարար հիմքերը՝ մտածելու, որ իշխանությունները հերթական անգամ խաբելու են և ընտրություններ չեն նշանակելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Սա առաջին դեպքը չէ, երբ Շարժումը թափ է հավաքել, վարչապետի աթոռն զբաղեցնող անձը խոսել է ընտրությունների մասին, հետո, երբ Շարժումը որոշակի պատճառով նահանջ է ունեցել, հայտարարել է՝ ընտրությունների ժողովրդական պահանջ չկա, հետևաբար` այդ մարդու որևէ խոսքին չենք վստահում ու մեր օրակարգով շարունակում ենք մեր պայքարը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընտրությունները նշանակելը Շարժման ձեռքբերումներից մեկն է, պահանջներից է, որ ինչ-որ չափով բավարարվել է, բայց մենք դա չենք դիտարկում որպես հաղթանակ։ Գնում ենք մեր պահանջն ամբողջությամբ բավարարելու ետևից»,-ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ Շարժման առաջիկա գործողությունները բաժանվելու են երեք պայմանական փուլի։

«Առաջին՝ մինչև իր հրաժարական․ այսինքն՝ եթե իրականություն դառնա ընտրություններ նշանակելու հանգամանքը, վարչապետը պետք է հրաժարական տա։ Այդ հրաժարականը լինելու է ապրիլի 22-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Առաջին փուլում մենք շարունակելու ենք մեր մարզային այցելությունները՝ ավելի լայն թափով, բողոքի, անհնազանդության ակցիաները։ Հեռացման պահանջը պետք է ավելի ամբողջացնենք նաև մարզերի բնոկչության հետ»,-նշեց նա։

Վերջինիս խոսքով՝ երկրորդ փուլում՝ հրաժարական տալուց հետո՝ 14 օրերի ընթացքում, պետք է ամեն ինչ արվի, որ դե յուրե հրաժարականը դառնա դե ֆակտո։

«Այսինքն՝ ինքը հեռացվի և վարչապետի պաշտոնակատար չլինի։ Եթե այդ փուլում ինչ-ինչ պատճառներով մեր նպատակին չհասնենք, նոր գալիս է ընտրական փուլը, և Շարժման յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իր դիրքորոշման մեջ՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ։ Շատ կարևոր է, որ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը դա չդիտարկեն որպես սովորական ընտրություն, այլ դիտարկեն դավաճանին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր՝ ընտրության միջոցով։ Իշխանություններն ընտրությունը դիտարկում են որպես իրենց կաշին փրկելու միջոց»,-ասաց նա։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ համագործակցության մասին խոսակցություններն ինչքանո՞վ են իրատեսական, Սաղաթելյանն արձագանքեց, որ այս պահին նման քննարկումներ չունեն։ «Կլինի նշանակված ընտրությունը, Դաշնակցությունը կորոշի՝  մասնակցու՞մ է ընտրություններին, թե՞ ոչ, և ի՞նչ ձևաչափով»,-նշեց նա։

Անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՀՀ մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն՝ այն հարցին ի պատասխան, թե ՀՀ-ն Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն, Սաղաթելյանն ասաց․

«Ամեն ինչ հստակ է՝ ՀՀ-ում իշխանության են եկել մի խումբ անձինք, որոնք սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ Նրանք պլանավորված հանձնեցին Արցախը, դա ամրագրեցին փաստաթղթով, հիմա անցել են իրենց հանցագործությունների հաջորդ փուլին․ ամեն ինչ անում են, որ ուրանան Ցեղասպանությունը, հրաժարվեն հայոց պահանջատիրությունից, Արցախից, ուրանան Արցախյան պատերազմների ընթացքում զոհված մեր 10000 զինվորների արյունը և կեղծ խաղաղասիրական խոստումների տակ վերջնականապես բնաջնջեն մեր ժողովրդին»։

  • Կիսվել: