չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իշխան Սաղաթելյանի ու նրա հարազատների բնակարանները խուզարկվել են, հարցաքննության է հրավիրվել հայրը

Իշխան Սաղաթելյանի ու նրա հարազատների բնակարանները խուզարկվել են, հարցաքննության է հրավիրվել հայրը

Իշխանությունները գրոհ են սկսել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ու նրա ընտանիքի նկատմամբ։ Վերջին օրերին ՊԵԿ-ի և ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցները միմյանց հաջորդելով ստուգումներ և խուզարկություններ են իրականացրել Իշխան Սաղաթելյանի հարազատներին պատկանող բնակարաններում և ընկերություններում, գրում է «Փաստինֆո»-ն:

Կայքի աղբյուրը նշում է, որ ստուգումներն սկսվել են դեռեւս «Դիմադրություն» շարժման ժամանակ, իսկ վերջին օրերին դրանք նոր թափ են ստացել։ Աղբյուրի փոխանցմամբ շուրջ մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ խուզարկվել է Սաղաթելյանի հորը պատկանող ընկերությունը և առգրավվել են գրասենյակային համակարգիչները և գույքը։ Այնուհետև հարցաքննության են կանչվել Սաղաթելյանի հարը և հարազատները։

ՊԵԿ-ի տարբեր ստորաբաժանումներ լայնածավալ գործողություններ են իրականացրել անգամ Սաղաթելյանի հետ հեռավոր ազգակցական կապ ունեցող անձանց պատկանող ընկերություններում և բիզնեսներում։

ՊԵԿ-ի ստորաբաժանումները գործողությունները, մեր աղբյուրի փոխանցմամբ, համակարգում է անձամբ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, որին «Դիմադրություն» շարժման հավաքներից մեկի ժամանակ Սաղաթելյանն անվանել էր «Սորոսի վաստակ»։

Կայքին հասած տեղեկությունները ստուգելու նպատակով «Փաստինֆո»-ն կապ հաստատեց Իշխան Սաղաթելյանի հետ, ով, ըստ էության, հաստատեց վերը նշված փաստերը, սակայն հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններից, բայց հավելեց, որ «խղճում է և՛ հրահանգ տվողներին, և՛ այն իրականացնողներին, ովքեր կարծում են, որ նման կերպ կարող են իրեն ետ պահել քաղաքական գործունեություն ծավալելուց»։

«Հստակ գիտեմ և՛ հրահանգ տվողներին և ՛կատարողներին և՛ նրանց նպատակը, հարմար առիթով կխոսեմ,հիմա դրա ժամանակը չի, այս պահին կարող եմ դրանց ասել շարունակեք նույն ջանասիրությումբ , միևնույն է բան չի ստացվելու, իսկ վերջում ամեն մեկը իր արածի համար պատասխան է տալու, վստահ եղեք»,- հայտարարել է Ի. Սաղաթելյանը:

  • Կիսվել: