չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իր բնակելի տունը վաճառող քաղաքացին կազատվի 20 տոկոս եկամտահարկ վճարելու պարտավորությունից․ Պապոյան

Իր բնակելի տունը վաճառող քաղաքացին կազատվի 20 տոկոս եկամտահարկ վճարելու պարտավորությունից․ Պապոյան

Իր բնակելի տունը վաճառող քաղաքացին կազատվի 20 տոկոս եկամտահարկ վճարելու պարտավորությունից։ Հարկային օրենսգրքից այս պահանջը հանելու օրենսդրական առաջարկով են հանդես եկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Ալխաս Ղազարյանը։

Խորհրդարանի այսօրվա նիստում, նախագիծը ներկայացնելիս, Պապոյանը հայտնեց, որ պատգամավորներն ու ԱԺ ղեկավարությունը բազմաթիվ նամակներ են ստացել այս խնդրի հետ բախված ՀՀ քաղաքացիներից, ուստի և որոշել են փոփոխություն առաջարկել օրենքում։

«Այժմ, երբ քաղաքացին նոր տուն է կառուցում ու ինչ–որ պատճառով 2 տարվա ընթացքում որոշի վաճառել տունը, ստիպված է վճարել 20 տոկոս եկամտային հարկ։ Բացի այդ, նաև այլ խնդիր կա. ՀՀ բոլոր շրջաններում, բոլոր բնակավայրերում հազարավոր անհատական բնակելի տներ կան, որոնք մարդիկ սարքել են, ապրում են, բայց ավարտական ակտը չկա։ Ու, եթե այսօր քաղաքացին որոշի գնալ այդ ավարտական ակտը հանել ու վաճառել, ապա ստիպված է լինելու այն տան համար, որտեղ 20-30 տարի ապրել է, 20 տոկոս եկամտային հարկ վճարել։ Կամ գյուղերում բազմաթիվ տներ կան, որ առաջին հարկը կառուցել, ապրում են, երկրորդը չեն ավարտել։ Հիմա, եթե այդ տունը վաճառեն, նորից ստիպված են լինելու 20 տոկոս հարկ վճարել»,– ասաց Պապոյանը։

Իրավիճակը շտկելու համար նախագծի հեղինակներն առաջարկում են օրենքից հանել այս դեպքերի համար սահմանված վերոհիշյալ դրույթը, քանի որ Պապոյանի համոզմամբ, բերված օրինակները հիմնականում սոցիալապես անապահով մարդկանց են վերաբերում, որոնք տարբեր պատճառներով ստիպված են լինում վաճառել իրենց տները։
Մտահոգությունը, որ օրենքի հնարավորությունից կարող են օգտվել կոմերցիոն վաճառքով զբաղվողները, Պապոյանի խոսքով, ՊԵԿ–ում բացառել են` վստահեցնելով, որ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում հեշտությամբ կպարզեն չարաշահման հնարավոր փորձերը։

  • Կիսվել: