ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ինքնաբուխ ակցիայի մասնակիցները այսօր կփորձեն ստանալ վարչապետի պաշտոնանկության համար անհրաժեշտ 18 ստորագրությունը

Ինքնաբուխ ակցիայի մասնակիցները այսօր կփորձեն ստանալ վարչապետի պաշտոնանկության համար անհրաժեշտ 18 ստորագրությունը

Բաղրամյան պողոտայում վարչապետի հրաժարականի պահանջով ինքնաբուխ բողոքի ակցիայի մասնակիցները պայմանավորվել են վաղն առավոտյան գալ Ազգային ժողովի դիմաց և փորձել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին համոզել, որ միանան վարչապետի հրաժարականի պահանջին։

Նշենք, որ ակցիայի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունները միանում են վարչապետի հրաժարականի՝ ժողովրդի պահանջին։ Նա նաև նշեց, որ որպեսզի ԱԺ–ում վարչապետի պաշտոնանկության գործընթաց սկսվի, ընդդիմադիրների 35 ստորագրություններից բացի, անհրաժեշտ է ևս 18 ստորագրություն։

Ցուցարարները հայտարարեցին, որ իշխանական 18 պատգամավորին մեկ ժամ ժամանակ են տալիս, որպեսզի գան ԱԺ և ստորագրեն այդ պահանջի տակ։ Ընդդիմադիր պատգամավորները մուտք գործեցին ԱԺ, որպեսզի այնտեղ սպասեն իրենց իշխանական գործընկերներին, սակայն տրված ժամանակի լրանալուց հետո վերադարձան և ցուցարարներին տեղեկացրին, որ ՔՊ-ական պատգամավորներից ոչ ոք չեկավ ԱԺ։

Արամ Վարդևանյանն ասաց, որ վարչապետին պաշտոնանկ անելու համար ընդդիմությունն ունի անհրաժեշտ 35 ստորագրությունները և ընթերցեց երկու խմբակցությունների բոլոր 35 պատգամավորների անունները, որոնք ստորագրել են պահանջի տակ։

Վարդևանյանը նշեց, որ իշխանական 18 պատգամավորների ստորագրությունն ունենալուն պես կսկսեն իմփիչմենթի գործընթացը։ Նա նաև նշեց, որ իրենք կշարունակեն մնալ խորհրդարանում և իրենց ժողովրդի տրամադրության տակ են

  • Կիսվել: