ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը լիարժեք իշխանություն ունի Հայաստանում, նա կարողանում է քաղաքականության մեջ անհնարինն անել՝ նրա այդ մոգությունն աշխատում է. Kommersant

Փաշինյանը լիարժեք իշխանություն ունի Հայաստանում, նա կարողանում է քաղաքականության մեջ անհնարինն անել՝ նրա այդ մոգությունն աշխատում է. Kommersant

Ռուսական «Կոմերսանտը» անդրադարձել է Հայաստանուm երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին՝ համարելով, որ վարչապետը մոգական ուժ-ազդեցություն ունի իր կողմնակիցների վրա և քաղաքականությունում կարողանում է անել գրեթե անհնարինը՝ կենտրոնացնելով իր ձեռքում ողջ իշխանությունը, միաժամանակ մեկ ակնթարթում վերածվում է հեղափոխական առաջնորդի՝ իր շուրջը հավաքելով տանյակ հազարավոր համակիրների։

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.
 
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հաղթել է ընդդիմության հետ փողոցային դիմակայությունը։ Նրա հրավիրած երեկոյան հանրահավաքը Երևանում շարունակվեց գիշերային երթով, որը վարում էր անձամբ պարոն Փաշինյանը։ Այդ օրը կառավարության ղեկավարը հակագրոհ է սկսել ընդդիմախոսների դեմ և ցույց տվել, որ կարող է իշխանություն լինել և միաժամանակ հեղափոխական պայքար մղել ընդդիմախոսների դեմ։
 

Նիկոլ Փաշինյանը կարողանում է քաղաքականության մեջ անել անհնարինը։ Երկրում ունենալով լիարժեք իշխանություն՝ նա, երբ պետք է, ակնթարթորեն հայտնվում է հեղափոխականի դերում։ Եվ այդ կախարդանքն աշխատում է։ Մարտի 1-ին նրա կոչով մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը հլու-հնազանդ լցրեցին վարչապետի տասնյակ հազարավոր կողմնակիցներ։

Այդ օրը նրանք այդտեղ անհրաժեշտ էին պարոն Փաշինյանին։ Վարչապետի ակցիայի հետ միաժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ միավորված ընդդիմությունը խորհրդարանի մոտ իր հանրահավաքն էր անցկացնում։ Եվ Նիկոլ Փաշինյանին կարևոր էր ցույց տալ, թե ումն է ժողովրդի աջակցությունը։ Դա ստացվեց։ Հանրապետության հրապարակում հավաքն ավելի տպավորիչ էր, քան հակակառավարական բողոքը։

Վարչապետը հրապարակ եկավ կառավարության շենքից՝ անվտանգ միջանցքով, որը նախապես ձևավորել էին ոստիկանները։ Նա հարթակ բարձրացավ և մեկ ժամից ավելի խմբավարեց ամբոխը՝ ստիպելով ժողովրդին մեկ հավանությամբ գոռալ, մեկ վրդովված գոչել, մեկ հլու-հնազանդ լռել։ Դա նման էր հիպնոսի և ամենից շատ հիշեցնում էր 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակների հանրահավաքները։

Եթե Նիկոլ Փաշինյանը կինոյում խաղար, նա կարող էր հավակնել «Օսկարի»։

Եթե չիմանանք, որ բեմից հանդես է գալիս այն մարդը, ով արդեն երեք տարի է ղեկավարում է երկիրը, կարելի էր մտածել, որ բանախոսը ընդդիմադիր առաջնորդ է, որը ժողովրդին մղում է ռեժիմի դեմ պայքարի։

Այն, որ նա իշխանություն է, պարոն Փաշինյանն իր ելույթում հասկացրել է միայն մեկ անգամ ՝ խոսքի սկզբում ներողություն խնդրելով թույլ տրված սխալների համար։

«Վերջին տասը ամիսների ընթացքում մեր կառավարությունը թույլ է տվել բոլոր հնարավոր սխալները։ Եվ ես ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի, Արցախի բոլոր հայերից և սփյուռքի։ Ներեք ինձ իմ սխալների համար», - ապաշխարել է Նիկոլ Փաշինյանը։

Ի հիշատակ վերջերս Ղարաբաղյան պատերազմում զոհվածների՝ նա բոլորին խնդրեց լույսեր միացնել իրենց բջջային հեռախոսներով և հրապարակը միանգամից լուսավորվեց։

Մնացած խոսքն արդեն ոչ թե Փաշինյանն էր ասում ՝ վարչապետը, այլ Փաշինյանը՝ հեղափոխականը։ Նա հայտարարեց, որ Հայաստանում միայն ժողովուրդը կարող է որոշել, թե ով պետք է լինի իշխանությունը։ Դա պատասխան էր ընդդիմության եւ գլխավոր շտաբի սպաների՝ իր հրաժարականի մասին պահանջներին, որը վարչապետը անվանել էր "իշխանությունը ժողովրդից խլելու փորձ"։

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ ասելու, որ մենք դա թույլ չենք տա։ Ժողովուրդը շարունակելու է լինել իշխանություն մեր երկրում»,— ասել է Փաշինյանը։

Իր և ժողովրդի միջև հավասարության նշան դնելը Հայաստանի կառավարության ղեկավարի նախընտրած ոճն է։ Եվ շատ արդյունավետ. հրապարակը ծափահարություններով պատասխանեց նրա խոսքերին՝ բացականչելով․ «Փաշինյան՝ վարչապետ»։

Վարչապետի հրաժարականը պահանջած գլխավոր շտաբի պետին Նիկոլ Փաշինյանը մեղադրել է ռազմական հեղաշրջման փորձի մեջ։ Զինվորականների հայտարարության հետևում կանգնած է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, որին պարոն Փաշինյանը «փողոցի» միջոցով ստիպել է 2018 թվականի ապրիլին հրաժարական տալ։

«2008թ.մարտի 1-ին իշխանությունները բանակը հանեցին ժողովրդի դեմ, և արդյունքում Հայաստանի տասը քաղաքացիներ սպանվեցին։ Այդ նույն մարդիկ այսօր փորձում են բանակը հանել ժողովրդի և այդ ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ»- իր ելույթում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը,- «Սերժ Սարգսյանն օգտագործել է իր ազդեցությունը գլխավոր շտաբի գեներալների վրա, որպեսզի նրանք հանդես գան իմ հրաժարականի պահանջով»:

Դրա համար Ձաշինյանը գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին «դավաճան» է անվանել ՝ նրան մեղադրելով Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու մեջ։ Հայտարարությունը ստորագրած մյուս գեներալներին Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հրաժարվել այդ գաղափարից և վերադառնալ ծառայության ՝ նախապես նշելով, որ իրենց հետ ոչինչ չի պատահի։

«Հայաստանի բանակում վենդետա չի լինի», - հանգստացրեց նա ՝ հավելելով, սակայն, որ Օնիկ Գասպարյանը պետք է լքի իր պաշտոնը։

«Դա անխուսափելի է գլխավոր շտաբի քաղաքական հայտարարության պատճառով», - մի քանի անգամ կրկնեց Նիկոլ Փաշինյանը,- «Օնիկ-ջան, սխալվեցիր, քո ղեկավարի հրամանները չկատարեցիր, բայց մերժվողի (Սերժ Սարգսյանի) հրամանները կատարեցիր: Դա խայտառակություն է սպայի և նրա պատվի համար»։

Վարչապետը հույս է հայտնել, որ նախագահ Արմեն Սարգսյանը, ով նախօրեին իրեն է վերադարձրել գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը, ի վերջո, «պետության շահերին» համապատասխանող որոշում կկայացնի։

Իր ամեն մի խոսքը ագահորեն բռնած ամբոխին պարոն Փաշինյանը նորություն հայտնեց. այս տարվա հոկտեմբերին սահմանադրական հանրաքվե կանցկացվի կիսանախագահական կառավարման ձևը վերադարձնելու համար։ Սահմանադրությունը, որն ընդունվել է 2015 թվականին և ուժի մեջ է մտել երեք տարի առաջ, ըստ վարչապետի, բացահայտել է մեծ քանակությամբ թերություններ և ստեղծում է ճգնաժամային իրավիճակների առաջացման ռիսկեր։

Ներկայիս ճգնաժամը, կառավարության ղեկավարի կարծիքով, կարելի է լուծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Նա և իր թիմը, վստահեցրեց վարչապետը, պատրաստ են՝ եթե խորհրդարանական ընդդիմությունն իրենց հետ հուշագիր ստորագրի ։

Ըստ Սահմանադրության ՝ արտահերթ ընտրությունների համար վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ խորհրդարանը ՝ երկու անգամ տապալի կառավարության նոր ղեկավարի թեկնածության քվեարկությունը։ Վերջերս իշխող «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը առաջ քաշեց արտահերթ ընտրությունների անցկացման համար խորհրդարանի ինքնալուծարման գաղափարը։

«Իմ քայլը» խմբակցությունում Kommersant-ի աղբյուրը հայտնել է, որ արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացը կսկսվի մոտ ժամանակներս՝ անմիջապես գլխավոր շտաբի ղեկավարի հետ հարցը լուծելուց հետո:

Նախագահը, աղբյուրի խոսքով, պատրաստ է կրկին ստորագրել ԳՇ պետի հրաժարականի մասին վարչապետի ներկայացրած միջնորդությունը։

«Հենց որ Արմեն Սարգսյանը ստորագրի, մենք ձեռնամուխ կլինենք արտահերթ ընտրությունների կազմակերպմանը։ Դա մենք դիտարկում ենք որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություն»,— Komersant- ին ասել է իշխող դաշինքի պատգամավորը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: