շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինչո՞ւ մինչև այժմ սահմանազատման աշխատանքներ չեն կատարվել, և ի՞նչ է արվում այժմ. Կադաստրի կոմիտեի ղեկավարը մանրամասներ է հայտնում

Ինչո՞ւ մինչև այժմ սահմանազատման աշխատանքներ չեն կատարվել, և ի՞նչ է արվում այժմ. Կադաստրի կոմիտեի ղեկավարը մանրամասներ է հայտնում

ArmLur.am-ը զրուցել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ: Մենք փորձել ենք Թովմասյանից պարզել ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանների գծագրման հարցերը ու ամփոփել տարվա աշխատանքը:

-Պարոն Թովմասյան, ինչու՞ 2020 թ. ապրիլին կառավարության որոշմամբ լուծարվեց «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, կարծիք կա, որ այն շատ կարևոր ինստիտուտ էր, որը որոշվեց փակել: Ո՞վ որոշեց ու ի՞նչ նպատակով նման որոշում կայացվեց, ինչո՞ւ գնացիք նման քայլի, որի համար քննադատության եք ենթարկվում:

-Որպեսզի հասկանանք, թե ինչու որոշում կայացվեց լուծարել «գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, նախ պետք է փորձենք հասկանալ, թե ինչ կառույց էր այն և ընդանուր առմամբ ինչով էր զբաղվում այդ ՊՈԱԿ-ը։ ՊՈԱԿ-ը ըստ էության ստեղծվել էր Կադաստրի կոմիտեի կազմում 2011 թվականին 2 այլ կենտրոնների միավորման արդյունքում եվ ստանձնել էր, ըստ էության, երկու խումբ պարտավորություններ, որոնք մանրամասն նկարագրված էին լուծարված ՊՈԱԿ-ի կանոնադրությունում։ Դրանցից մեկը պետական նշանակության գեոդեզիական աշխատանքներն էին, երկրորդը՝ ձեռնարկատիրական։ ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունը բազմաթիվ հարցեր էր առաջացրել, բացասական իմաստով, դեռևս նախքան իմ պաշտոնավարումը, որը արձանագրվել էր նաև պետական վերահսկողական ծառայության կողմից։ Խնդիրը կայանում էր նրանում, որ ՊՈԱԿ-ը ունենալով անհատույց օգտագործվող տարածքներ, գործիքներ, Կադաստրի կոմիտեի բացարձակ օժանդակությունը, որը իմ կարծիքով տրամաբանական էր, շուկայում, որտեղ գործում էին 100 ից ավել մասնավոր ընկերություններ, ուներ շահեկան դիրք և ստեղծում էր ոչ մրցակցային պայմաններ։ Կառավարությունը որոշում կայացրեց լուծարել այդ ՊՈԱԿ-ը, որպեսզի պետական նշանակության աշխատանքները կենտրոնացվեն պետական մարմնում՝ Կադաստրի կոմիտեում, և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մրցակցային շուկան անհրաժեշտ է ազատականացնել և թույլ տալ մասնավոր ոլորտին զարգանալ, այլ ոչ թե իր ներկայությամբ խեղաթյուրել իրական մրցակցությունը։ Ինչ վերաբերում է պետական նշանակություն ունեցող կարեվորագույն գործառույթներին, դրանք կենտրոնացվեցին Կադաստրի կոմիտեում, որտեղ ստեղծվեց Գեոմատիկայի կենտրոնը՝ ինչպես արդեն շեշտեցի բացառապես պետական նշանակության աշխատանքների կատարման համար։

Եթե ուսումնասիրեք ՊՈԱԿ-ի և Գեոմատիկայի կենտրոնի գործառույթները, դուք ինքներդ կտեսնեք, թե արդյոք կա մի այնպիսի պետական նշանակության աշխատանք, որը դուրս է մնացել մեր կենտրոնի գործառույթների ցանկից․ ես կարող եմ հստակ պատասխանել, որ ոչ։ Այս ՊՈԱԿ-ի լուծարմամբ մենք զերծ ենք մնացել ձևական անցկացվող մրցույթներից, որտեղ չգիտես ինչպես, բայց գրեթե միշտ հաղթող է ճանաչվել այդ նույն ՊՈԱԿ-ը եվ ներկա պահին այդ նույն աշխատանքները իրականացվում են գրեթե նույն ՊՈԱԿ-ի մասնագիտական կազմով, սակայն ավելի քիչ միջոցներով, որոնք փաստագրված են Կադաստրի կոմիտեի բյուջեից կատարվող ծախսերով։ Եվ վերջապես, անդրադառնալով ձեր ծավալուն հարցի վերջին մասին, կուզենամ նշել, որ եթե մենք քննադատության պետք է արժանանանք պետական նշանակության աշխատանքները Կադաստրի կոմիտեում կենտրոնացնելու, մասնագիտական շուկան ազատականացնելու, նույն ՊՈԱԿ-ի մասնագետներին անհիմն պարապուրդներ չուղարկելու, բյուջեի գումարները խնայելու և նման այլ աշխատանքների համար, ուրեմն քննադատողները մեղմ ասած բավականին հեռու են ոլորտից։ Իսկ ոլորտին մոտ կանգնած որևէ մասնագետի կողմից ես երբևէ չեմ լսել քննադատություն մեր գործողությունների համար։

-Այս պահին ընթանում են հայ-ադրբեջանական սամանների սահմանազատման աշխատանքները ու այն իրականացվում է GPS-ով: Արդյոք այս ձեւաչափով սահմանազատումն իրականացնելը վնասելու է ՀՀ-ի շահերին: Նշվում է, որ ՊՈԱԿ-ի փակումը շատ վատ էր հատկապես այս օրերի համար, քանի որ փաստորեն այդ ՊՈԱԿ-ի գործառույթն էր այս պահին քարտեզագրման աշխատանքներն իրականցնելը:

-Պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները պետական նշանակության աշխատանքներ են, ինչպես արդեն նշեցինք բոլոր պետական նշանակության աշխատանքները պահպանվել եվ հստակեցվել են գեոմատիկայի կենտրոնի գործառույթներում, ուստի այն հարցը, որ ՊՈԱԿ-ի լուծարումը կարող է վատ անդրադառնալ սահմանների խնդրին չի կարող համապատասխանել իրականությանը, ավելին, ՊՈԱԿ-ի գոյության ամբողջ ժամանակահատվածում այդ գործառույթը եղել է ՊՈԱԿ-ի գործառույթը և վերջինիս գոյության ամբողջ ընթացքում իրականացվել է միայն հայ-վրացական սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ, այն էլ՝ մասնակի։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք այդ աշխատանքները պետք է կատարվեին հիմա, թե նախկինում մինչև այս իրավիճակի ստեղծվելը։ Եթե վերլուծենք ՊՈԱԿ-ի վերջին տարիների գործունեությունը՝ ակնհայտ է դառնում, որ առաջնահերթ են եղել ձեռնարկատիրական աշխատանքները, այլ ոչ թե պետական նշանակության խնդիրները։ Օրինակ արդյոք անհրաժեշտ էր մեկ քաղաքի երկրատեղեկատվական համակարգի ստեղծումը, երբ Կադաստրի կոմիտեն չուներ առցանց վարվող քարտեզագրական համակարգ, թե նույն միջոցները ուղղել ՀՀ սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին։

Ինչ վերաբերվում է GPS ով կատարվող աշխատանքներին, նշեմ որ GPS ը դա արբանյակային տեղորոշման համակարգ է և միջոց է դաշտային աշխատանքների կատարման համար։ Այստեղ կարևոր է, թե մենք ինչ ելակետային տվյալներ ենք ներմուծում գործիք, որտեղից ենք վերցնում այդ տվյալները, ինչ կոորդինատային համակարգով ենք դրանք իրականացմուն։ Կուզենամ նշել, որ մեր տրամադրության տակ առկա բոլոր քարտեզագրական և բացատրական նյութերը վերլուծվել և ամբողջականացվել են և տրամադրվել են պետական լիազոր մարմիններին։ Այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն իրավասու է տրամադրել Արտաքին գործերի նախարարությունը։ Կարևոր է նշել նաև, որ բացի տրամադրված նյութերից Կադաստրի կոմիտեն ունի 100 % մասնագիտական կազմ պետական նշանակության գրասենյակային և դաշտային ցանկացած աշխատանք իրականացնելու համար։

-Խնդրում եմ ասեք, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի-Արցախի սահմանների վերաբերյալ քարետեզագրման ի՞նչ աշխատանքներ են իրականացրել, ո՞վ պետք է այն աներ ու եթե չի արվել, արդյոք պատասխանատվության կանչվել է:

-Ինչպես արդեն նշեցինք ՀՀ պետական սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործառույթները եղել են «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթները, և աշխատանքներ տարվել են բացառապես հայ-վրացական սահմանագծի ուղղությամբ։ Մենք և ոլորտի մասնագետները մնում ենք այն կարծիքին, որ այս հարցին անհրաժեշտ էր ուշադրություն դարձնել ավելի վաղ և ունենալ հնարավորություն՝ վերլուծությունները իրականացնել ավելի հանգիստ պայմաններում։ Ինչևէ, մեր մասնագետներից կազմված աշխատանքնային խումբը Գեոմատիկայի կենտրոնում ամենօրյա շարունակական աշխատանք է իրականացնում այս պահին ևս։

-Ի վերջո քարտեզագրումը, որ կառույցը պետք է իրականացներ, արդյոք այն կադաստրի կոմիտեի գործառույթն է ու այժմ ի՞նչ եք անում այդ ուղղությամբ:

Քարտեզագրական աշխատանքները ՀՀ- ում կարող են իրականացվել Կադաստրի կոմիտեի կողմից համապատասխան որակավորում ստացած անձինք։ Այդ աշխատանքներն իրականացվել են նաև «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից։ Իսկ ինչ վերաբերում է պետական նշանակության աշխատանքներին, դա եղել է միայն ՊՈԱԿ-ի գործառույթը, որը ամբողջ ծավալով տեղափոխվել է Կադաստրի կոմիտե Գեոմատիկայի կենտրոն։ Գաղտնիք չէ, որ ՀՀ կադաստրային քարտեզներում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց ուղղման համար մենք փոփոխություն ենք կատարել Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում, որով կառավարությունը երկամսյա ժամկետում սահմանելու է կադաստրային քարտեզներում ուղղումներ կատարելու կարգը։ Ինչ վերաբերում է ՀՀ սահմանների նկատմամբ տարվող աշխատանքներին, դրանք այժմ ընթանում են ամբողջ ծավալով։

 

  • Կիսվել: