Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ
Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. միաժամանակ մնալ այդ երկու միավորումներում անհնար է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության մերձեցմանը, ապա կարծում ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումներին անդամակցությունն անհամատեղելի է։ Եվ ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի ընտրություն կատարել։ Բայց դա Հայաստանի ժողովրդի ընտրությունն է»,-ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միջև ապրանքաշրջանառությունն այս տարի նկատելիորեն նվազել է։ Ըստ Օվերչուկի՝ ռուսական բիզնեսը սկսել է զգուշությամբ վերաբերվել Հայաստանին:
«Տնտեսական ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունն այս տարի անկում է գրանցել, եթե խոսենք Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ ապրանքաշրջանառության մասին։ Անցյալ տարի, ինչպես հիշում եք, մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել էր 12,4 մլրդ դոլար։ Այս տարի ակնհայտ է, որ այն կլինի 6 մլրդ մակարդակում։ Սա շատ նկատելի անկում է», - նշել Է փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց ԵՄ անդամ դառնալը նպատակ է:
«Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միության և ԵՄ միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, և հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնենք: Բայց այսօր այդ կետը չէ: Այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ եթե չկա՝ ինչու կայացնենք»,-նշել էր նա:


