հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ինչ կտա Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանին, ինչ փոփոխություններ են անհրաժեշտ. պարզաբանում է ԲՏԱ նախարարությունը

Ինչ կտա Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանին, ինչ փոփոխություններ են անհրաժեշտ. պարզաբանում է ԲՏԱ նախարարությունը

Starlink արբանյակային ինտերնետ մատակարարի քարտեզի համաձայն Հայաստանում Starlink ինտերնետ կապը հասանելի կլինի 2023 թվականին։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, թե ինչ կտա այն Հայաստանին,  ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնել են, որ Starlink արբանյակային ինտերնետ կապը Հայաստանի համար կարող է հանդիսանալ լրացուցիչ, իսկ որոշ դեպքերում՝ նաև այլընտրանքային ինտերնետ կապի տեսակ։ Starlink արբանյակային ինտերնետ կապը թույլ կտա մարդկանց օգտվել ինտերնետից հեռավոր վայրերում, որտեղ բացակայում են գծային և շարժական ինտերնետ կապի ծառայությունները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արբանյակային ինտերնետի տրամադրումը կատարվում է ռադիոհաճախականությունների միջոցով, անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում և մի շարք իրավական ակտերում՝ արբանյակային ինտերնետից օգտվողներին ապահովելով այդ հաճախականությունների առանց թույլտվության շահագործման պայմաններ»,-հայտնել են նախարարությունից:

Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայված է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ, մատչելի արբանյակային ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում։

Ամերիկացի միլիարդատեր, Space X ընկերության հիմնադիր Իլոն Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ Starlink-ը ինտերնետ ծառայությունների համար ստացել է ավելի քան 500.000 նախնական պատվեր: 2020 թվականի հոկտեմբերին ընկերությունը սկսել էր Starlink-ի beta թեստավորումը, որին, մասնակցում էին 11 երկրի օգտատերեր։ Ծառայության ամսական վճարը կկազմի 99 դոլար:

  • Կիսվել: