չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իմ տպավորությունն այն էր, որ մեր խոսույթներն անհամատեղելի չեն. Փաշինյանը՝ Էրդողանի մասին

Իմ տպավորությունն այն էր, որ մեր խոսույթներն անհամատեղելի չեն. Փաշինյանը՝ Էրդողանի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական տպավորություն է ստացել հոկտեմբերի սկզբին Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով` զրույցը ցույց է տվել, որ իր և Էրդողանի տեսակետներն իրար հետ անհամատեղելի չէին, ինչպես երբեմն կարելի է ենթադրել մամուլի համար արված հայտարարություններից։ Սա, սակայն, չի նշանակում, որ Հայաստանը կամ Թուրքիան մասնավոր բանակցությունների սեղանի շուրջ հրաժարվել են իրենց դիրքորոշումներից;

«Խոսակցության մեջ իմ տպավորությունն այն էր, որ մեր խոսույթներն անհամատեղելի չեն։ Եթե լինի հետևողական աշխատանք, քաղաքական կամք և ցանկություն, այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»,–ասաց նա։

Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Ադրբեջանի դերին, Փաշինյանը հայտարարեց, որ ինչքան էլ հայտարարություն լինի, որ երկկողմ հարաբերություններն առանց նախապայմանների են, միևնույն է` Ադրբեջանի գործոնը կա։

Նրա խոսքով` պաշտոնական մակարդակում արձանագրվում է, որ երկկողմ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, դա վատ չէ, որովհետև կարող էր պաշտոնական մակարդակում էլ արձանագրվել, որ կա նախապայման։

«Մյուս կողմից` իսկ ո՞վ է ասել, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել։ Ես Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել եմ ներկայացնել մի շարք նրբություններ, թե ինչպես է Հայաստանն ընկալում Թուրքիայի դիրքորոշումները և փորձել եմ հասկանալ, թե Թուրքիան Հայաստանի կամ Ադրբեջանի մի շարք դիրքորոշումներ ինչպես է ընկալում»,–ասաց վարչապետը։

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց նաև այն փաստին, որ Էրդողանի խորհրդականը վերջերս տված հարցազրույցում նշել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցի կարևորությունը։ Վարչապետը սա կարևոր բաղադրիչ է համարում։
Իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները սերտ են, բայց շատ կարևոր է հասկանալ Թուրքիայի արձագանքը, եթե նա հասկանա, որ Բաքուն խոչընդոտում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանն առանց հիմնավորման։

  • Կիսվել: