շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Իմ քայլի» պատգամավորը առաջարկում է օրենքով հիմք ստեղծել հանրաքվեն չեղարկելու համար

«Իմ քայլի» պատգամավորը առաջարկում է օրենքով հիմք ստեղծել հանրաքվեն չեղարկելու համար

Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրել է Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նրա ներկայացմամբ, Հանրաքվեի մասին օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ, որի համաձայն՝ արտակարգ կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո։

«Այն ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է սկսի հանրաքվեն այս օրենքը բաց է թողնում։ Կոնկրետ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեով ունենք մի իրավիճակ, երբ հանձնաժողովներ էին կազմվել, երբ «այո» և «ոչ» կողմեր էին ձևավորվել, հիմնադրամներ էին կազմավորվել, կնքվել էին պայմանագրեր և այլն։ Վրա հասած ճգնաժամի պատճառով հայտարարվեց արտակարգ դրություն և ըստ էության, հանրաքվեն չկայացավ, բայց ի՞նչ պետք է լինի հետո, օրենքը չի նախատեսում։ Այդ ամբողջ գործընթացը՝ հանրաքվեն սկսելու գործընթացը կարգավորել ենք», -իր զեկուցման ժամանակ հայտարարեց Հովակիմյանը՝ նշելով, որ քննարկումներ են ունեցել նաև ԿԸՀ նախագահի հետ։

Հաջորդ փոփոխությունը, որ առաջարկում է պատգամավորը, հանրաքվե նշանակելու որոշումը, որը կայացրել էր Ազգային ժողովը, չեղարկելն է։

«Չեղարկումը կարող է տեղի ունենալ բացառապես ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, այլ կերպ եթե արտակարգ դրությունը կամ ռազմական դրությունը ավարտվել է, բայց խորհրդարանը նման որոշում չի կայացրել, ապա տեղի է ունենում հանրաքվեի վերսկսում», -նշեց Հովակիմյանը։

Նրա խոսքով, հանրաքվեի մասին որոշումը չեղարկելու ինստիտուտը պետական անվտանգության խնդիր է։ Նա նույնիսկ մատնանշեց մի օրինակ՝ ռազմական դրության ժամանակ ձևավորված ընտրկան հանձնաժողովների անդամները ազատվում են զորահավաքից։

«ԱԺ-ի կողմից նշանակված հանարքվեն չեղարկելու ինստիտուտը նույնպես ներդրվում է։ Չեղարկելու տարբերակ առաջարկվել է պատգամավորների ¼-րդի ստորագրությամբ, սակայն դա կարող է փոխվել մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածը», -հավելեց Հովակիմյանը։

  • Կիսվել: