հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իմ հաղթանակած կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մասին, դրա համար իմ կերպարն առաջին գիծ չբերեցինք․ Ռոբերտ Քոչարյան

Իմ հաղթանակած կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մասին, դրա համար իմ կերպարն առաջին գիծ չբերեցինք․ Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքը հրապարակել է տեսանյութ  ՀՀ երկրորդ նախագահի և քաղաքացիների միջև տեղի ունեցած փակ հանդիպումից, որտեղ Ռոբերտ Քոչարյանը բացատրում է, թե ինչո՞ւ է պասիվ, ինչո՞ւ առաջնորդի դերում չէ, և ինչո՞ւ հարցազրույցներ չի տալիս, միաժամանակ նշելով, որ ինքը պայքարի մեջ է։

«Ես երկար ժամանակ հանդիպումներ, հարցազրույցներ չեմ ունեցել եւ կարող էր տպավորություն ստեղծվել, որ ես մի կողմ են քաշվել եւ այլեւս ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվում

Ապրիլ-մայիս-հունիս ամիսներին ձեր մեծ մասը ակտիվորեն փողոցում եք եղել, շփվել եք «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ: Ես ԱԺ-ում չեմ, բայց դաշինքի առաջնորդի դերակատարությունից չեմ հրաժարվել եւ երբ մշակվում էր «Դիմադրության շարժման» ծրագիրը, հայեցակարգը եւ ճանապարհային քարտեզը, մենք այդ ամենը քննարկում էինք մմեր եւ պատգամավորների, եւ մի քիչ ավելի լայն շրջանակներում եւս: Սա համատեղ ծրագիր է:

Հաջորդ հարցը կարող է առաջանալ՝ ինչու դուք հարթակում չէիք, առաջնորդի դրոշը ձեր ձեռքին չէր: Առաջնորդի պարտավարությունն է ճիշտ գնահատել իրավիճակը, հետեւություններ անել կուտակած փորձից եւ  ճիշտ քայլերով առաջ շարժվել: Ընտրություններից հետո մենք վերլուծեցինք ընտրությունների արդյունքների պատճառները: Մեր գնահատմամբ առաջին պատճառը եղել է հետեւյալը՝ բախվեցին արժանապատիվ խաղաղություն թեզը եւ խաղաղություն ամեն գնով թեզը: Արժանապատիվ խաղաղությունը մեր բնակչության մի զգալի մասին ուղղակի վախեցրեց: Իմ կերպարը, ղարաբաղյան անցյալը, պատերազմում հաղթանակ կռող կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մեծ զանգված, որ կգա ինչ-որ թասիբով կփորձի ազգային արժեքների համար պայքարել եւ սա կարող է մեր գլխին եւս մեկ պատերազմ բերել: Սա հիմնական գործոնն էր, որը ամբողջ այդ սոցիոլոգիան խառնեց»,-ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, ագրեսիայի, հարձակման դեպքում վախն ամենից հզոր բնազդն է, և կա երեք տարբերակ արձագանքելու հարձակմանը․ «Առաջինը՝ պայքարել քո կյանքի համար, երկրորդը՝ փախչել, և երրորդը՝ ենթարկվել, կամ ձևանալ, թե մահացած ես։ Հիմա սա, այսպես ասած, ավելի շատ կենսաբանություն է, այլ ոչ թե հոգեբանություն։ Եվ սա աշխատեց մեր ժողովրդի կոլեկտիվ պահվածքի վրա։ Երկրորդ հանգամանքը եղել է՝ ռևանշիստներ, ղարաբաղցի-հայաստանցի, հին-նոր։ Այս գործոնը երկար տարիներ սնվում էր եւ որոշակի հետք թողել է: Այս երկու գործոնն էր։

Հիմա նայեք, մենք սկսում էինք «Դիմադրության» շարժում և այս վերլուծությունը, գնահատականն ունենալով, որոշումը հետևյալն էր՝ փորձենք այդ վախը չեզոքացնել, օրինակ, իմ կերպարն առաջին գիծ չունենալու ճանապարհով և չառաջացնել հների–նորերի արհեստական թեզի վերակենդանացում։ Այդ երկու գործոնը չեզոքացնելու համար, ես որպես ՀՀ քաղաքացի մասնակցել եմ երթերի, բայց առաջնորդի դերը չեմ տարել: մեզ մոտ բավական լավ է ստացվել»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Նա կարծիք հայտնեց, որ իրենց ցույց ենք տվել իրենց կազմակերպչական հնարավորությունները. «Այո, վերջնական նպատակին չենք հասել, բայց դուք տեսել եք, որ Հայաստանի պատմության մեջ իսկապես առաջին անգամ այսպիսի զանգվածներով, այսպիսի երկար կազմակերպված շարժում եղավ: Իմ բացատրությունը սա է, կարող եք ընդունել կամ չընդունել: Այս բացատրության մեջ կա տրամաբանություն եւ դա բխում է ոչ թե նրանից, որ չենք ցանկացել, վախեցել ենք ինչ-որ բանից, այլ ընտրությունների արդյունքների վերլուծությունից մտածեցինք, որ պետք է չեզոքացնենք այն գործոնները, որոնք մեզ խանգարել են»,-ընդգծեց Քոչարյանը:

Նա ասաց, որ ոչ մի տեղ չի գնացել, ուղղակի փորձել ենք այլ գործիքակազմով մասնակցել այս ամենին. «Եվ եթե դուք տեսնում եք «Հայաստան» դաշինքի ակտիվ գործունեությունը, համոզված եղեք, որ դաշինքի հետ ես եմ, որ այդ հարցերը միշտ քննարկվել են, քննարկվում են եւ քննարկվելու են»,-ընդգծեց նա:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նաեւ հայտարարություն է տարածել՝ նշելով. «Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին մի խումբ քաղաքացիներ Բաղրամյան պողոտայից երթով գնացել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ, հանդիպում ունեցել Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի և Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։ Քաղաքացիները ցանկանում էին հանդիպել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Սեպտեմբերի 19-ին հանդիպումը կայացավ, և բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն ունեցան նախագահ Քոչարյանին հարցեր ուղղելու, լսելու նրա մոտեցումներն ու տեսակետները։

Որքան էլ գրասենյակը փորձել էր հանդիպումը կազմակերպել հնարավորինս մեծ դահլիճում, դահլիճն ավելի փոքր էր նախագահի հետ հանդիպմանը ցանկություն ունեցողներին ամբողջությամբ տեղավորելու համար։ Ուստի ներկայացնում ենք այն հարցերի վերաբերյալ նախագահ Քոչարյանի պատասխանները, որոնք քաղաքացիներին ամենաշատն են հետաքրքրել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: