կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի՝ ԵՀԽ և ԵԵԿ-ն հանդես են եկել հայտարարությամբ

Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակի՝ ԵՀԽ և ԵԵԿ-ն հանդես են եկել հայտարարությամբ

Ի հետևումն  Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումների՝ ուղղված  Եկեղեցիների  Համաշխարհային Խորհրդի  գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Իոան Սաուկային և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի  գլխավոր քարտուղար Յորգեն Սկոֆ Սորենսենին, վերջիններս  դեկտեմբերի 19-ին համատեղ նամակ են հղել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելին, որում դատապարտում են Ադրբեջանի կողմից Բերձորի մարդասիրական միջանցքի փակումը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախը։ 

 

Հայտարարությունը ստորև.

«Սա 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ  կնքված  համաձայնագրի խախտում է, որով ոտնահարվում են միջազգային մարդասիրական իրավունքները և բարոյական սկզբունքները»,–նշված է հայտարարության մեջ:

Եկեղեցիների  Համաշխարհային Խորհրդի և Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի համատեղ նամակում նշվում է, որ Ադրբեջանը  մարդասիրական միջանցքը փակելով, այն էլ  ձմռանը  և   ժամանակավորապես դադարեցնելով գազի մատակարարումը,   միտումնավոր հումանիտար արտակարգ իրավիճակ է ստեղծել  120.000 էթնիկ հայերի համար։ 

«Սա այնպիսի արարք է, որը հակասում է Ադրբեջանի  կողմից բարի կամքի և մարդասիրական պատասխանատվության ցանկացած պնդումներին»,- ասված է նամակում։ 

Նշվում է նաև, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների ու  հանցագործությունների համար տվյալ երկիրը  պատասխանատվության չի ենթարկվել։

«Այս պայմաններում հայ ժողովրդի մտավախությունները, որ ադրբեջանական ագրեսիան միտված է իրենց դեմ ցեղասպանություն իրականացնելու՝ անհերքելի է, ինչն էլ ավելի է  ընդգծվում  ներկայիս իրողությունների համատեքստում»,–ասվում է նամակում։

Կոչ է  արվում  ԵՄ-ին բոլոր դիվանագիտական նախաձեռնություններով հետամուտ լինել, որպեսզի Ադրբեջանը վերաբացի Բերձորի մարդասիրական միջանցքը և համապատասխան երաշխիքներ տրամադրի այն բաց պահելու համար: 

«Մենք կոչ ենք անում  անել հնարավորն  ապահովելու հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը՝  ներառելով Լաչինի միջանցքը և  ապահովել անկախ մոնիտորինգ»,- եզրափակում է նամակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: