կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ի՞նչ փաստաթղթով, ի՞նչ քարտեզների հիման վրա է նախատեսվում իրականացնել սահմանազատումը և սահմանագծումը. Թովմասյան

Ի՞նչ փաստաթղթով, ի՞նչ քարտեզների հիման վրա է նախատեսվում իրականացնել սահմանազատումը և սահմանագծումը. Թովմասյան

Խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի իրականացումն առհասարակ ողջունելի է, սակայն ՀՀ կառավարությունը պետք է ժողովրդին, ում պատկանում է իշխանությունը, պարզաբանումներ ներկայացնի որոշ հարցերի վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին և խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Արդեն իսկ առկա է տեղեկատվություն Բաքվի կողմից Հայաստանին բանակցությունների համար ներկայացված 5 հիմնական սկզբունքների վերաբերյալ։

Իհարկե, խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի իրականացումն առհասարակ ողջունելի է, սակայն ՀՀ կառավարությունը պետք է ժողովրդին, ում պատկանում է իշխանությունը, պարզաբանումներ ներկայացնի հետևյալ հարցերի վերաբերյալ.

1. Ինչպե՞ս է ՀՀ կառավարությունը պատկերացնում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության ճանաչման սկզբունքի իրականացումը՝ Արցախով, թե՞ առանց Արցախի, և ի՞նչ սահմաններով,

2. Միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման դեպքում ի՞նչ է սպասվում Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելությանը,

3. Ի՞նչ ճակատագիր է սպասվում սահմանային բնակավայրերին և ընդհանրապես անկլավներին (այդ թվում Տավուշի մարզի), որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում,

4. Հայաստանը չի՞ պատրաստվում արդյոք ներկայացնել տարածքային պահանջներ Ադրբեջանին՝ հիմք ընդունելով նախ և առաջ այն հանգամանքը, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը զավթել է Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ,

5. Ի՞նչ փաստաթղթով, ի՞նչ քարտեզների հիման վրա է նախատեսվում իրականացնել սահմանազատումը և սահմանագծումը,

6. Արդյո՞ք հաղորդակցության ուղիների բացումը ենթադրում է, որ ՀՀ սահմաններում գտնվող որևէ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը իրականացվելու է ոչ ՀՀ ուժերով՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ներկայացրել է Հայաստանին ուղղված առաջարկների 5 կետերը:

Նշենք նաև, որ ՀՀ-ն պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին:

 

 

  • Կիսվել: